Մատչելիության հղումներ

Բայդեն-Պուտին հանդիպման հստակ համաձայնություն դեռ չկա


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը «չի բացառում» նախագահների միջև բանակցությունների հնարավորությունը, սակայն այս պահին Պուտին-Բայդեն գագաթնաժողով կազմակերպելու կոնկրետ պլաններ չկան, և դրա մասին խոսելը «վաղաժամ» է։

Պեսկովը նաև հայտնել է, թե այսօր Պուտինը կանցկացնի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Ի դեպ, վաղն էլ Պետդումայում նորից քննարկելու են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում ստեղծված իրավիճակը։

Անցած շաբաթ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը դիմել էր նախագահին այդ ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու կոչով։ Դիտորդները չեն բացառում, որ Մոսկվան արագացված ռեժիմով ճանաչի այդ հանրապետությունների անկախությունը։ Արևմուտքը արդեն հայտարարել է, թե դրա պատասխանը կլինեն նոր կոշտ պատժամիջոցները։ Պետդումայի խոսնակը, սակայն, նախօրեին հայտարել էր, թե Մոսկվային արդեն չեն վախեցնում արևմտյան պատժամիջոցները։ Արևմուտքը, սակայն, դեռ հուսով է, որ նման ֆորսմաժորային սցենարներից հնարավոր կլինի խուսափել բանակցությունների միջոցով։

Բայդեն-Պուտին հնարավոր հանդիպման մասին սկսեցին խոսել երեկ գիշերը՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հերթական հեռախոսազրույցից հետո։

Ելիսեյան պալատը հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը «սկզբունքորեն» պայմանավորվել են գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունում միևնույն ժամանակ ասված էր, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը կկայանա միայն «եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին իր հերթին հաստատել է նախնական համաձայնությունը։ «Մենք միշտ պատրաստ ենք դիվանագիտության: Մենք պատրաստ ենք նաև անհապաղ և կոշտ պատասխանի, եթե Ռուսաստանը դրա փոխարեն ընտրի պատերազմը: Այս պահին, ըստ երևույթին, Ռուսաստանը շարունակում է պատրաստվել Ուկրաինայի դեմ լայնածավալ գործողությունների, որը կարող է տեղի ունենալ շատ շուտով», - ասել է Սաքին։

Եթե Բայդենի ու Պուտինի առաջիկայում կայանալիք հանդիպման մասին հաղորդագրություններն իրարամերժ են, ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրն արդեն հայտնի է․ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը կհանդիպեմ փետրվարի 24 ին։

Մակրոն-Պուտին գիշերվա հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը հաղորդագրությունում նշել էր նաև, թե Ռուսաստանի նախագահն ասել է, որ դուրս կհանի զորքերը Բելառուսի տարածքից զորավարժություններից հետո։ Մինչդեռ Բելառուսի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին:

Վիկտար Խրենինը նշել է, թե որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի պատճառով:

Ռուսաստանը, Արևմուտքի առաջնորդների և հետախուզության պնդմամբ, շարունակում է զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին, ընդ որում տարբեր ուղղություններով։

NBC հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները, հայտնել է երեկ ուշ երեկոյան, թե ԱՄՆ հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեն, որ ռուսական ռազմական հրամանատարությանը հրահանգվել է պատրաստ լինել Ուկրաինա ներխուժելուն։

Հենց այս տվյալներն են հիմք հանդիսացել Ջո Բայդենի հայտարարության համար, որ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա, որն արվել է ուրբաթ օրը։ Ռուսաստանը հերքում է ներխուժման ծրագրերը։ Ավելին՝ Կրեմլի խոսնակը արևմտյան երկրներին մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ, պնդելով, թե հարձակման մասին, հատկապես հարձակման կոնկրետ օրվա մասին խոսելը «նպաստում է լարվածության աճին»։

«Իրադրությունը սրված է շփման գծի երկայնքով, ապա ցանկացած կայծ, ցանկացած չնախատեսված միջադեպ, կամ ցանկացած պլանավորված մանր սադրանք, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», - ասել է Պեսկովը։

Իրավիճակը Ուկրաինայի արևելքում կտրուկ սրվել էր փետրվարի 17 ին, մի քանի օրում Լուգանսկից և Դոնեցկից մի քանի տասնյակ հազար մարդ է տարհանվել Ռուսաստանի տարածք։ Ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները խոսում են մեկ միլիոն մարդ տարհանելու ծրագրերի մասին, իսկ Կրեմլի խոսնակը այսօր նշել է, թե Դոնբասի բնակիչների տարհանման պատճառը Ուկրաինայի զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողություններն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG