Մատչելիության հղումներ

Էնթոնի Բլինքեն. «Ռուսաստանի քայլերը տանում են դեպի պատերազմ»


ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Նյու Յորք, 17 փետրվարի, 2022թ.
ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Նյու Յորք, 17 փետրվարի, 2022թ.

«Ես այստեղ եմ պատերազմը ոչ թե սկսելու, այլ կանխելու համար»

Ուկրաինայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստը բավական էմոցիոնալ էր և լարված: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ «ճգնաժամը կարգավորելու միակ պատասխանատու ուղին դիվանագիտությունն է, մինչդեռ Ռուսաստանի քայլերը տանում են դեպի պատերազմ»:

«Ես այսօր այստեղ եմ պատերազմը ոչ թե սկսելու, այլ կանխելու համար: Ինֆորմացիան, որը ձեզ ներկայացնում եմ, վավերացված է մեր աչքի առաջ վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներով: Եվ հիշեք՝ մինչ Ռուսաստանը հերքում է և մեր նախազգուշացումներն ու ահազանգերը համարում «մելոդրամա և անհեթեթություն», նրանք հենց այս ընթացքում Ուկրաինայի սահմաններին են մոտեցրել ավելի քան 150 հազար զինծառայողներ և լայնածավալ հարձակման համար տեխնիկա»,- ասել է Բլինքենը:

Մոսկվան վերջին ամիսներին անընդհատ հավաստիացնում է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի:

Կրեմլի և ԱԳՆ-ի խոսնակների մակարդակով նույնիսկ հեգնում են, թե «տեսնես ինչ կասի Արևմուտքը՝ այսօ՞ր ենք հարձակվում, թե՞ վաղը»:

Զորքի մասին էլ ասում են, թե նույնիսկ եթե տեղաշարժն աշխարհագրորեն մոտ է Ուկրաինային, այնուամենայնիվ, դա իրականացվում է Ռուսաստանի ինքնիշխան տարածքում, ուստի, ոչ մի երկիր դրա վերաբերյալ ինչ-ինչ դժգոհություն հայտնելու իրավունք չունի:

«Ռուսների հանդեպ Կիևի խտրականությունն է հանգեցրել Ղրիմի անջատմանը»

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ներկայացրել է Մոսկվայի տեսակետն Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ, ասելով, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի ռուսախոս համայնքի հետ երկխոսությունից:

Նրա խոսքով, Ուկրաինայի իշխանությունը սպառնում և հալածում է արևելյան շրջանի բնակիչներին, ոտնահարում է նրանց տարրական իրավունքները, և դա է 2014 թվականից սկսված ամբողջ կոնֆկլիկտի հիմքում:

«Ռուսաց լեզվի հանդեպ խտրական վերաբերմունք է, առաջ են քաշվում պատմության այնպիսի վարկածներ, որոնցով գովերգում են նույնիսկ նացիստ հանցագործներին, այդ ամենը եղել է և շարունակվում է: Դա է հանգեցրել Ղրիմի անջատմանը և հանրաքվեով վերամիավորմանը Ռուսաստանին, այս կոնֆլիկտի մասին պետք է ունենալ պարզ պատկերացում, որը կարտահայտի իրական վիճակը», - ասել է Վերշինինը:

«Ագրեսիայի դեպքում Ուկրաինան կպաշտպանի իրեն»

Նիստում խոսել է նաև ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանը: Նրա խոսքով, Ուկրաինան հավատարիմ է ռուս-ուկրաինական հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու գաղափարին, սակայն Մոսկվայի ճնշումներին չի ենթարկվի:

«Ուկրաինան խաղաղություն է ուզում, անվտանգություն և կայունություն, ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար, միաժամանակ ես ուզում եմ ընդգծել՝ եթե Ռուսաստանը գնա էսկալացիայի, Ուկրաինան կպաշտպանի իրեն»,- ասել է դեսպանը:

«Առանց վերապահումների ասեք, որ չեք հարձակվի Ուկրաինայի վրա»

Պետքարտուղար Բլինքենը՝ դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, ասել է, թե Ռուսաստանն ունի խաղաղության գաղափարին հավատարմությունն ապացուցելու չափազանց պարզ հնարավորություն:

«Եթե Ռուսաստանը հավատարիմ է դիվանագիտությանը, ահա դա վկայելու ձևը: Գիտեմ, որ Մոսկվան իմ ասածին կարձագանքի նոր հերքումներով, հավաստիացումներով հարձակվելու ծրագրի բացակայության մասին, պնդումով, թե, «տեսեք՝ Ամերիկան հիստերիա է ծավալում», բայց թույլ տվեք շատ պարզ ասեմ, թող Ռուսաստանի իշխանությունն այսօր առանց վերապահումների, «բայցերի» և այլնի միանշանակ հայտարարի, որ Ուկրաինա չի ներխուժի: Հոդաբաշխ ասեք ամբողջ աշխարհին և դրանից հետո դա ապացուցեք՝ ձեր զորքերը, տանկերը, օդանավերը վերադարձնելով տեղակայման վայրեր և ձեր դիվանագետներին ուղարկեք բանակցությունների»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նորից կհանդիպեն

Երեկ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպել Եվրոպայում: Լավրովն այսօր դրական է արձագանքել առաջարկին, հանդիպման հստակ ժամկետը և վայրը դեռ հայտնի չէ:

XS
SM
MD
LG