Մատչելիության հղումներ

Արգելանք է դրվել Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի գույքերի նկատմամբ


Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։

Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ գույքի ուսումնասիրությունն ավարտվել է, Խաչատրյանի ընտանիքից մեկն արդեն ներկայացել է դատախազություն. «Ծանուցում է ուղարկվել` գալու, ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, նաև դիրքորոշում հայտնելու: Որդիներից մեկն իր ներկայացուցչի հետ արդեն իսկ ներկայացել է: Ժամկետներ կան, մյուսների մասով էլ սպասենք, կտեսնենք»:

Տարիներ շարունակ մամուլը գրում էր Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ավելի քան մեկ տասնյակի հասնող շենք-շինությունների, մի քանի տասնյակ հեկտարներով հողատարածքների, երևանյան նրա շքեղ առանձնատան մասին։ Արդյո՞ք արգելանքի տակ դրված գույքն այս ցանկից է՝ Գլխավոր դատախազությունից ասացին՝ այս փուլում ավելին չեն կարող ասել։

Հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նրա երկու որդիներն էլ մեղադրվում էին փաստաթուղթ կեղծելու և խաբեությամբ զինծառայությունից խուսափելու համար: Կրկնակի փորձաքննություններից հետո երկուսն էլ զինծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել, քրգործերն էլ կարճվել էին։

Նախկին մարզպետի որդիներից մեկն էլ 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, որը տեղի էր ունեցել նախկին մարզպետի տան մոտ։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։

Իրավապաշտպան. Գույքի վրա կալանք դնեն-չդնեն, հույս չկա, որ դրանք կվերադարձվեն պետությանը

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, հիշելով Սյունիքի նախին մարզպետի ու նրա որդիների նկատմամբ հարուցված այս քրեական գործերի շղթան, ասաց՝ գույքի վրա կալանք դնեն-չդնեն, հույս չկա, որ դրանք կհամարվեն ապօրինի ու կվերադարձվեն պետությանը։ Առհասարակ այդ գործընթացն Կարապետյանցը ձևական է համարում:

«Ամենալավ տարբերակը, որը միշտ օգտագործել են մեր վարույթ իրականացնող մարմինները, ձգձգել գործն այնքան, որ այլևս հանրության հիշողության մեջ չտպավորվի և մոռացության էլ անգամ մատնվի, և տպավորություն էլ ստեղծվի, որ այդ աննախադեպության, բուռն բացումները, հայտարարությունները, որ արվում են բոլոր ժամանակների իշխանությունների կողմից, ստեղծում հանձնաժողով, այսպես ասած, որին հանձնարարվում է ինչ-որ գործողություն իրականացնել, հետո այնքան են ձգում, որ մոռացության մատնվի», - ասաց նա:

Իրավապաշտպանը հիշեցնում է կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործերը, որոնք երկարատև ուսումնասիրություններից հետո այդպես էլ դատարան չեն հասել, դատախազությունը դրանք լրացուցիչ քննության է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե։

Նինա Կարապետյանցն ասում է՝ մեկը լինի` այդ գործերը հետ ուղարկող, նախկինների ու ներկաների օրոք գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանին մի քանի հարց ուղղի։ Իրավապաշտպանը մատնանշում է «Հյուսիս-հարավի» դեպքը, ասելով՝ դա ամենացայտուն և ամենախոշոր կոռուպցիոն թնջուկն է. «Հարց են տալիս` դու որ Ձեր հորական տուն ես գնացել, «Հյուսիս-հարավ» ճանապարհը չե՞ս տեսել, որ չկա` որպես գլխավոր դատախազ: Հարց չի՞ ծագել, որպես երաշխավորն այդ կոռուպցիայի դեմ պայքարի, բա ճանապարհը չկա, փողը չկա, պատասխանատուն չկա, ու մարդիկ գնում են քանդած ճանապարհով»:

Հակակոռուպցիոն կոմիտեն խոշորացույցի տակ են նաև պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի, գեներալ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի երկու եղբայրների, երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրանց ընտանիքներին առնչվող գույքն ու սեփականությունը։ Այս մարդիկ ու նրանց ընտանիքի անդամները նույնպես պետք է իրավապահներին ներկայացնեն՝ արդյոք օրինական ճանապարհով են ձեռք բերել իրենց ունեցվածքը։

Իրավապաշտպանը կասկածներ ունի, որ նշյալ անձինք դատարանի առաջ չեն կանգնի. «Ոչ մեկն էլ ոչ մեկի հետ խնդիր չունի, բոլորն էլ գեղեցիկ, փաթեթավորված ներկայացնում են մեծ թվերով, հազարավոր հարուցված քրեական գործերի մասին հայտարարություններ են անում ու գեղեցիկ փաթեթավորված և երկար տիրաժավորում են այդ միտքը, հետո դրան հետևում է ոչինչ, դրան հետևում է զրո արդյունք»:

Այդուհանդերձ, արդեն դատարան ուղարկված չորս գործեր կան, վճիռներ՝ դեռ ոչ։ Վերջերս հայտնի դարձավ նաև, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթով են անցնում նաև «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի գործարար Արամ Վարդանյանը և նրա հետ փոխկապակցված 2 անձ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG