Մատչելիության հղումներ

Բացահայտվել է 2016թ․ Սյունիքի մարզպետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք․ ԱԱԾ


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բացահայտման մասին:

«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից», - ասված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը Սյունիքի մարզպետն էր Սուրիկ Խաչատրյանը, իսկ վերջինիս հրաժարականից հետո՝ Վահե Հակոբյանը: «Ազատության» տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը վերաբերում է հենց Սուրիկ Խաչատրյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG