Մատչելիության հղումներ

Մեկնարկում են երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները. վարչապետ


Մեկնարկում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում ասել է վարչապետը:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, չէր հստակեցրել, թե երբ է մեկնարկելու երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։

Այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմայի էական գործոն լինելը Սյունիքի մարզի հետագա զարգացման համար` հավելելով, թե այն ակնհայտորեն որոշակի խնդիրներ և վտանգներ, միևնույն ժամանակ շատ մեծ հնարավորություններ է պարունակում:

«Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը», - կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նշել է վարչապետը:

Նա նաև հայտնել է, որ մարզում լայն թափով իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն:

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը, Նիկոլ Փաշինյանի խոսքով` աշխատում են մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարության ուղղությամբ: Նա հույս է հայտնել այդ գործընթացն արդեն կմեկնարկի 2022-ին:

XS
SM
MD
LG