Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել Երևանում մասնակցել Եվրանեսթի նիստերին


Եվրանես» խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանում, 2015թ․
Եվրանես» խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանում, 2015թ․

Ադրբեջանցի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել այցելել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին, «Ազատությանը» հայտնեց իշխանական պատգամավոր, հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։

Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի շուրջ տասը պատգամավոր, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի ու Ադրբեջանի պատգամավորները։ Թե քանի պատգամավոր է ժամանում Հայաստան, ավելի ուշ հայտնի կլինի։ Ադրբեջանի պարագայում քննարկվում է երեք պատգամավորի՝ Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի այցը Երևան։

Մարիա Կարապետյանը դժվարացավ հստակ ասել` ադրբեջանական պատվիրակությունը Երևան կգա, թե ոչ, շեշտեց՝ պատրաստակամություն են հայտնել. «Քանի որ պլանավորման փուլում է գտնվում գործընթացը, հնարավոր չէ այդպիսի հստակ պնդում կատարել, որ վերջնական հա, մարդիկ պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան, այժմ գործընթացը պլանավորման շուրջ է»:

Եվրանեսթը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Վեհաժողովի նիստերը ռոտացիոն սկզբունքով են անցկացվում։ Այս անգամ հերթը Հայաստանին է։ Նիստը Երևանում կանցկացվի փետրվարի 21-22-ին։

«Երևանը հյուրընկալելու է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովի նիստերը», - ասաց Կարապետյանը:

Եվրանեսթի լիագումար նիստը Երևանում անցկացվել է 2015 թվականին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ Այն ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էր։ Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ հրաժարվել էին` պատճառաբանելով, թե Եվրանեսթը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվրանեսթի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012 թվականին։ Նույն տարում էլ Երևանից են մեկնել, որոնց թվում է եղել Արտակ Զաքարյանը։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ին, Եվրանեսթի շրջանակում Երևանից Բաքու են մեկնել պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Միջազգային տարբեր նիստերի շրջանակում Երևանից Բաքու այցեր էլի են եղել։

«Ամեն դեպքում ես կարող եմ փաստել, որ նախկինում Ադրբեջանի պատգամավորներ Հայաստան այցելել են, Հայաստանի պատգամավորներ Ադրբեջան այցելել են», - նկատեց Մարիա Կարապետյանը:

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի վեհաժողովի նիստերին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որ բոյկոտել է միջազգային պատվիրակություններում աշխատանքը, Երևանում սպասվող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու է։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց՝ հարցեր ունեն՝ անվտանգությունից մինչև Հայաստանում ժողովրդավարությանը վերաբերող։

«Բազմակողմանի հարցեր ենք բարձրացնելու` Արցախի հարցը, անվտանգության հարցը, էներգետիկ անվտանգության հարցը, ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված հարցեր Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ», - մանրամասնեց պատգամավորը:

Նիստին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Ուկրաինայի, Վրաստանի, պատվիրակությունները։ Բելառուսի մասնակցությունը վեհաժողովին կասեցված է մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։ Մոլդովական պատվիրակությունը քովիդի պատճառով Երևան չի ժամանի։ Նիստը կանցկացվի Մարզահամերգային համալիրում, օրակարգում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, տնտեսական, էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր են։

XS
SM
MD
LG