Մատչելիության հղումներ

Աշոտյանը Բաքվում խոսել է հակահայկական քարոզչության անթույլատրելիության մասին


Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2017 թ․
Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը Բաքվում, 22-ը սեպտեմբերի, 2017 թ․

Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր անցկացվեց Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովը: Նպատակը, ըստ հաղորդումների, Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության խնդիրների քննարկումն էր։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի խորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը, համաժողովում ելույթ է ունեցել նաև Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, նշելով․ «Հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար»: Ըստ նույն աղբյուրի, Աշոտյանն այդպես արձագանքել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների հայտարարություններին, որոնք փորձել են Եվրանեսթի հարթակը ծառայեցնել հակահայկական քարոզչությանը:

Արմեն Աշոտյանը ադրբեջանական կողմին հորդորել է գալիք սերունդներին չսնել «հայատյացությամբ և քսենոֆոբիայով», ինչը, նրա կարծիքով, իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար: Ելույթի վերջում, ըստ հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի, Աշոտյանն այսօրվա համաժողովին ներկա՝ Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Ադրբեջան․ատելությամբ լեցուն մանկություն» (Azerbajan: childhood in hate) աշխատությունը։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված անգլիալեզու այդ ամսագրում, ըստ հայկական լրատվամիջոցների, հավաքված են Ադրբեջանում հայատյացություն սերմանող նյութեր: Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, համաժողովին ներկա՝ Ադրբեջանի Կրթության փոխնախարար Ջեյխուն Բայրամովը հակադարձել է Աշոտյանին, ասելով՝ «ադրբեջանական դասագրքերում ոչ մի ազգի, այդ թվում՝ հայերի նկատմամբ ատելության քարոզ չկա»: «Եթե դուք խոսում եք ադրբեջանական հողերի բռնազավթման մասին, հարկադիր տեղահանության մասին, մարդիկ պետք է իմանան պատմական իրողությունները»,- նաև նշել է փոխնախարարը։

Ի դեպ, նշենք, որ ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ, համաժողովը նախագահող, Եվրախորհրդարանի պատգամավոր Հեյդի Հաուտալան հայ և ադրբեջանցի պատվիրակներին հորդորել է չշեղվել քննարկվող թեմայից: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աշոտյանը նաև հայտարարել է, որ մանուկ հասակում Բաքվում է անցկացրել ամառային արձակուրդները: Վերջին անգամ Ադրբեջանի մայրաքաղաքում եղել է 1988 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության բռնկումից մեկ ամիս առաջ, երբ 13 տարեկան էր:

«Իմ մայրը բաքվեցի է, այստեղ տուն ունեինք»,- ասել է հայ պատգամավորը։ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն ընթացել են Ադրբեջանի խորհրդարանի շենքում, որի առջև Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամները հայ պատվիրակներից պահանջել են «անմիջապես լքել Բաքուն»: Ոստիկաններն, ըստ ԱՊԱ-ի, կանխել են Հայաստանի դրոշն այրելու փորձն ու ակցիայի մասնակիցներին հեռացրել են տարածքից:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի ԱԺ-ի երկու պատգամավորներ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արմեն Աշոտյանն ու ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը: Բաքվում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին հայ պատվիրակները մի քանի անգամ են մասնակցել՝ 2007-ին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին մեկնել էր «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: 2012-ին էլ Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը մասնակցեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

2014-ին հայաստանցի պատվիրակներ՝ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանն ու Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ներկա էին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ Բաքվում անցկացված «Ռոզ Րոուդ» սեմինարին։ Իսկ 2012-ին Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հենց Բաքվում Ադրբեջանին կոչ էր արել ճանաչել ԼՂ հանրապետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG