Մատչելիության հղումներ

Եվրամիությունն այսօր ոչ պաշտոնական արտակարգ ժողովում կքննարկի Ուկրաինայի խնդիրը


Եվրոպական խորհրդի խոսնակ Բարենդ Լեյց, լուսանկարը՝ Թվիթերից
Եվրոպական խորհրդի խոսնակ Բարենդ Լեյց, լուսանկարը՝ Թվիթերից

Այսօր Բրյուսելում նախատեսվում է Եվրամիության և Աֆրիկյան միության երկրօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի օրակարգում բնապահպանութան խնդիրներ են:

Օգտվելով եվրոպական ինտեգրման գործընթացների մայրաքաղաքում հավաքվելու առիթից՝ Եվրամիության երկրների ղեկավարները նախ կանցկացնեն մեկժամյա ոչ պաշտոնական արտակարգ նիստ և կքննարկեն Ուկրաինայի շուրջ ծայրահեղ վտանգավոր ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդի խոսնակ Բարենդ Լեյցը:

Նրա փոխանցմամբ՝ քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական է, դրանից հետո որևէ փաստաթուղթ չի հրապարակվի: Եվրոպական միության լիդերները պարզապես կքննարկեն ստեղծված իրավիճակը:

Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում չեն բացառում, որ Ուկրաինայի սահմանների մոտ գրեթե 130 հազարի հասնող ստորաբաժանումներ տեղակայած Ռուսաստանը կարող է պատրվակ մոգոնել և հարձակման անցնել:

Մոսկվան հավատացնում է, որ նման մտադրություն չունի, և շաբաթասկզբին հայտնել է ուժերի մի մասը հեռացնելու մասին:

Այնուամենայնիվ այդ հայտարարություններով Ուկրաինայի և Արևմուտքի մտահոգություններն ամբողջությամբ չեն փարատվել:

Ուկրաինայի թեմային անդրադարձ կլինի նաև Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում, որը մեկնարկում է վաղը՝ փետրվարի 18-ին:

Ենթադրվում է, որ այդ հավաքի շրջանակներում փետրվարի 19-ին «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կխոսեն ճգնաժամի կարգավորման հնարավորության մասին:

Իսկ փետրվարի 24-ին խնդիրը տեսակապով պետք է քննարկեն նաև «Մեծ յոթնյակի»՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարները:

Այդ մասին հայտնում է Kyodo ճապոնական լրատվական գործակալությունը, որի տվյալներով՝ «քննարկման մասնակիցները մտադիր են միավորվել և վերահաստատել, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգի պայմաններում մշակելու են միասնական մոտեցում այդ ագրեսիային արձագանքելու համար»:

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինա ներխուժելու ծրագիր չունի, և Արևմուտքին ու Կիևին է մեղադրում իրավիճակը սրելու համար:

XS
SM
MD
LG