Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Մեզ միավորում է երջանիկ ու խաղաղ ապրելու ցանկությունը»


Ուկրաինան Միասնության օրն է նշում, Խարկով,16 փետրվարի, 2022թ. 
Ուկրաինան Միասնության օրն է նշում, Խարկով,16 փետրվարի, 2022թ. 

Փետրվարի 16-ը՝ Միասնության օր

Այսօր Ուկրաինայում նշում են Միասնության օրը: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե իր հայրենիքի վրա ռուսների հնարավոր հարձակման ժամկետներից մեկը փորձագետները համարել են փետրվարի 16-ը, և ինքն էլ որոշել է հենց այդ ենթադրյալ ժամկետն ընտրել որպես Միասնության խոհրդանիշ, օր, երբ ուկրաինացիներն ամբողջ աշխարհին ցույց կտան իրենց համերաշխությունը և բոլորին կպատմեն համազգային երազանքի մասին:

«Մեր տունն Ուկրաինան է, և այն կարող ենք պաշտպանել միայն միասնաբար, մենք տարբեր ենք, բայց մեզ միավորում է ապրելու ցանկությունը, ուզում ենք ապրել խաղաղ, ապրել երջանիկ, ապրել մեկ ընտանիքով, մեր երեխաների և ծնողների հետ»,- ասել է նախագահը:

Այսօր վաղ առավոտից ամբողջ երկրում համերգներ են, տոնական միջոցառումներ, հեռուստամարաթոն, դպրոցներում միասնության թեմաներով դասեր, Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտամունքային կառույցում՝ Կիևի Սոֆիայի տաճարում երեկոյան կմատուցվի պատարագ Ուկրաինայում խաղաղության համար:

Զելենսկին և նրա կառավարությունը մարդկանց կոչ են անում խուճապի չմատնվել, հավատացնում են, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել ռուսների հնարավոր ագրեսիայից:

Մոսկվան հավատացնում է, որ ագրեսիվ նպատակ չունի, մինչդեռ, Արևմուտքում չեն բացառում հարձակման հնարավորությունը:

«Փաստ է, որ 150-հազարանոց բանակն օղակի մեջ է վերցրել Ուկրաինան»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, թե ռուսները հաղորդում են ուժերը հեռացնելու մասին, ինչն ինքնին լավ է, բայց դրա ապացույցը չկա:

«Մեր վերլուծությունները վկայում են, որ ռուսները դեռ շատ սպառնալից դիրքերում են, փաստ է, որ 150-հազարանոց ռուսական բանակն, այդ թվում` Բելառուսից, օղակի մեջ է վերցրել Ուկրաինան, հետևաբար վստահ կարելի է ասել, որ ներխուժումը հնարավոր է»,- ասել է Բայդենը:

Երեկվա ուղերձում Միացյալ Նահանգների նախագահը Մոսկվային կոչ է արել խնդրի լուծմանը գնալ բացառապես դիվանագիտական ճանապարհով: Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած սցենարի:

«Ճգնաժամի մեկնարկից ի վեր ես բացարձակապես պարզ և հետևողական եմ եղել՝ Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները պատրաստ են Ռուսաստանի հետ աշխատել դիվանագիտական եղանակով և բարելավել ամբողջ Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը: Բայց մենք պատրաստ ենք նաև վճռական գործել, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, ինչը տակավին շատ հավանական է»,- ասել է Բայդենը:

«Չեմ հավատում, որ դուք ցանկանում եք արյունալի պատերազմ Ուկրաինայի դեմ»

Իր ուղերձում նա ուղիղ դիմել է ռուս ժողովրդին, հավաստիացնելով, որ Ամերիկան թշնամի չէ և չի սպառնում նրանց ու չի ցանկանում ապակայունացնել Ռուսաստանը:

Նա ասել է, որ Ուկրաինան էլ Ռուսաստանի համար սպառնալիք չէ, և ընդգծել է, որ ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ ՆԱՏՕ-ն մտադիր չեն հրթիռներ տեղակայել Ուկրաինայի տարածքում:

Բայդենը հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտում Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը դաշնակիցներ են եղել, և ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակումն աղետալի հետևանքներ կունենա:

«Եվ ես չեմ հավատում, որ դուք ցանկանում եք արյունալի, կործանարար պատերազմ Ուկրաինայի դեմ՝ մի երկրի և ժողովրդի, ում հետ կիսում եք ընտանեկան, պատմական և մշակութային այդքան խորը կապեր»,- ասել է Բայդենը:

Մոսկվային հոգնեցրել են պատերազմի և սանկցիաների մասին զրույցները

Մոսկվան արդեն արձագանքել է ԱՄՆ նախագահի ուղերձին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Բայդենին չի պատասխանելու:

«Թերևս կարելի է ողջունել, որ մոլորակի ամենահզոր երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների նախագահն իրոք մտածում է ռուս ժողովրդի մասին, դա երևի պետք է տպավորեր մեզ, բայց առավել կտպավորեր, եթե ուղերձը չուղեկցվեր սպառնալիքներով»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի մոտալուտ հարձակման և ի պատասխան դրան ինչ-ինչ սարսափելի սանկցիաների մասին «ամենօրյա մանտրայի նման կրկնվող զրույցներն արդեն բավական հոգնեցրել են»:

«Ռուսաստանից իրարամերժ ազդակներ են ստացվում»

Մինչդեռ, ոչ միայն Ամերիկան, այլև Եվրոպան է ռուսներից ակնկալում հստակ պարզաբանում Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ: Այդ թեմային է անդրադարձել Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

«Երեկ Ռուսաստանից իրարամերժ ազդակներ են ստացվել, մի կողմից, իշխանություններն ազդարարում են զորքերի դուրսբերում, մյուս կողմից Պետական դուման քվեարկությամբ կոչ է անում Պուտինին պաշտոնապես ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում:

Նա ողջունել է զորամիավորումների մասնակի դուրսբերում իրականացնելու խոստումը, բայց և ավելացրել է, թե հարկ է զգոն լինել ու սպասել, որ «ռուսները խոսքը գործով ապացուցեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG