Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները խրամորթցիներին զենքով արգելել են այգիները մշակել, ականատես են եղել խաղաղապահները. համայնքապետ


Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանի տրակտորը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, լուսանկարը` Արցախի ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջից
Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանի տրակտորը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, լուսանկարը` Արցախի ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջից

«Գնացեք, էլ չգաք», ադրբեջանցիներն այսօր այս խոսքերով են Խրամորթ գյուղի խաղողի այգիներ մտել ու այդտեղ խաղողի վազեր էտող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից: Զենքով են եկել, ոչ թե բահերով, ճշտում է Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը` հավելելով, որ ադրբեջանցիները խրամորթցիներին արգելել են այգիները մշակել, և այդ ամենին ականատես են եղել ռուս խաղաղապահները:

«Բարձրացել են իրենց պոստից, եկել, մտել խաղողի այգիներ, արգելել են, որ ժողովուրդը աշխատի: Ասել են` գնացեք, էլ չգաք, աշխատանք անեք այստեղ, այն դեպքում, երբ խաղաղապահներ էլ են այնտեղ եղել», - ասում է համայնքապետը:

Ադրբեջանցիների հետ այժմ բանակցում ենք, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը. «Քաղաքացիները դիմել են ոստիկանություն, ոստիկանության ծառայողները բանակցություններ են տանում նաև այս պահի դրությամբ էլ ռուսների ուղեկցությամբ, որպեսզի այդ աշխատանքները նորից վերսկսեն, քանի որ խաղաղ բնակիչներ են, անզեն մարդիկ են, և իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում: Այդ ամենն իրենց տեսադաշտում է նաև, և գիտեն, որ այնտեղ ամրաշինական կամ ինժեներական որևէ կառույց չեն կառուցում, պարզապես աշխատում են իրենց դաշտերում»:

Խաղողի այգիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում են, մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հենց այգեգործությունն է մնացել, քանի որ անասնապահությամբ զբաղվելու համար արտովայր արդեն չունեն, ասում է համայնքապետ Աբրահամյանը: Խրամորթում 100 ընտանիք է ապրում, ևս 12 վերաբնակիչ ընտանիք այս համայնքում է խաղաղ կյանք սկսելու փորձ անում վերջին պատերազմից հետո. «Թուրքը իր ծրագիրը, ձեռագիրը, ուզում է անի, որ ժողովրդին վախեցրած լինի, խուճապի մատնի»:

Համայնքապետի ենթադրությունը մեկն է` ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ սահմանային գյուղերի բնակիչները գործ ու եկամուտ չունենան, լքեն այս գյուղերը: Շուտով գարնանացան է, ասում է Զորիկ Աբրահամյանը, ու ինքն իրեն համբերություն մաղթում:

«Խի ադրբեջանցին չի՞ տեսնում, որ տրակտորն ինժեներական աշխատանք չի անում, հող է մշակում». Արցախի բնակիչ

Երեկ էլ այստեղ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ են ադրբեջանական հենակետերից թիրախային կրակոցներ արձակել, վնասել գյուղտեխնիկան: Պաշտոնական Բաքուն այս միջադեպը բոլորովին այլ լույսի ներքո է ներկայացնում, թե հայերը փորձել են խրամատներ փորել՝ գյուղաշխատանքների քողի ներքո:

«Հող էինք էլի մշակում, տրակտորը մերն ա, ուրիշի հողը ձմերուկ բան պիտի աճեցնենք, դաշտը մշակեինք», - պատմում է Խնապատ գյուղի բնակիչ Կարեն Մելքումյանը:

Նա է իր տրակտորով երեկ ադրբեջանական կրակոցների թիրախում հայտնվել, չի զարմանում, որ Բաքուն ձմերուկ աճեցնելու իրենց նախապատրաստական աշխատանքը որպես ինժեներական աշխատանք է դիտարկում: Միշտ է այդպես, ասում է, նույնիսկ, երբ կոմբայնով ենք դաշտում. «Չեն ուզում էլի, որ մենք աշխատենք, հող մշակենք: Հա, որ գալիս է պահը, որ պիտի ասեն` խի ես կրակել, մի հատ պատճառ է ասում, իբր թե ճիշտ է ինքը, ինժեներական են անում: Խի չի՞ տեսնում, որ եթե էնտեղից խփում է իմ տրակտորի վրա, այդ տրակտորը ինժեներական չի անում, հող է մշակում: Կոմբայնով աշխատում ենք, ասում է` ինժեներական է անում, կոմբայնը ի՞նչ տեղ, ինժեներական անելն` ի՞նչ տեղ»:

Կարենն ասում է՝ երեկ էլ մեկ կիլոմետր հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական հենակետից սկսեցին կրակել այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահների մեքենան կարճ ժամանակով անհետացավ նրանց տեսադաշտից. «Գիտեին, թե ռուսները գնացել են, բայց մեր կողքն էին, թմբի վրա էին, մի 200 մետր էն կողմ են գնացել, էդտեղ էլ թուրքերի պոստից չի երևում»:

Ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահներին, ըստ Կարենի, հենց այդպես էլ ասել են՝ չենք տեսել, որ դուք այդտեղ եք: Տրակտորիստն ասում է՝ հիմա որտեղ որևէ գյուղաշխատանք են սկսում, ռուս խաղաղապահը պիտի տարածքում լինի. «Առաջ տենց չի եղել, հիմա, օրինակ, անցած տարի մինչ ամառը ամեն տեղ աշխատում էինք առանց ռուսի: Հիմա որտեղ գնում ենք, որ երևում է, ֆսյո, չեն թողնում, քանի կիլոմետր ուզում է հեռու լինի, աչքերը տեսնում են, ասում է` աշխատում եք»:

Ռուս խաղաղապահներն են 44-օրյա պատերազմից հետո ստանձնել Արցախի սահմաններին հրադադարի ռեժիմի վերահսկումը: Խրամորթի համայնքապետն ինքն է տարակուսած` ինչպե՞ս է, որ խաղաղ բնակիչներն իրենց այգիներից հեռանում են զինված ադրբեջանցիների սպառնալիքների ներքո խաղաղապահների ներկայությամբ:

Խաղաղապահ առօրյան ներկայացնող լրահոսում այսօր գրված է. «Զորախմբի զինծառայողները դիտարկում են Ասկերանի շրջանում շփման գծի երկայնքով տիրող կացությունը, վերահսկում են անվտանգային իրավիճակը, կանգ են առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ»:

Տրակտորիստ Կարեն Մելքումյանը մտադիր չէ կանգ առնել, վաղը նորից դաշտ է մտնելու. «Իմ ուղղությամբ 100 անգամ արդեն կրակել են: Արցախում հիմա մի հողակտոր չկա, որտեղ գործ անենք ու ադրբեջանցիների տեսադաշտում չլինենք: Ղարաբաղ տենց տեղ կա՞, որ չի երևում, սաղ էլ երևում ա, հիմա ի՞նչ անինք», -ասում է նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG