Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ Ադրբեջանի ՊՆ-ում՝ առանձնակի խոշոր չափի հափշտակության համար


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը օրերս Պաշտպանության նախարարությունում անցկացված հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում ֆինանսական ոլորտը համակարգող մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առանձնակի խոշոր չափի հափշտակության համար ձերբակալվել է նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալիլովը, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության ղեկավար Բայրամ Բայրամովը, զորամասերից մեկի ֆինանսական հարցերով փոխտնօրեն Ֆարահիմ Սերքյարովը և նախարարության ֆինանսական վարչության սպա Վյուսալ Ալիզադեն: Բաքվի ռազմական դատարանը բոլոր զինվորականներին չորս ամսով կալանավորել է։

Ռազմական գերատեսչությունն ու զինվորականների հարազատները ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են կալանավորումների վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Կալանավորվածները, ըստ ադրբեջանական մամուլի, միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել պետությանը, միայն գնդապետ Խալիլովը մեղադրվում է շուրջ 6 մլն դոլար յուրացնելու համար:

Կոռուպցիոն այս բացահայտումները հաջորդում են Շուշիի համաձայնագրի վավերացմանը, որով Թուրքիան սկսել է Ադրբեջանին աջակցել բանակաշինության և զինված ուժերի արդիականացման գործում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանիցս հայտարարել է, թե բանակը վերակառուցվելու է ըստ թուրքական մոդելի: Այս համատեքստում, Անկարան Բաքվին օգնում է նաև բանակը կոռուպցիայից մաքրելու հարցում: Ադրբեջանի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում կոռուպցիան հաղթահարելու համար և այս հարցում զիջումների չի գնում:

Ըստ փորձագետի, ձերբակալությունները ադրբեջանական բանակում ծրագրված բարեփոխումների շրջանակներում են արվում

Ռազմական փորձագետ Ադալեթ Վերդիևի կարծիքով՝ ձերբակալվածների թիվը կարող է աճել, քանի որ նման խոշոր չափի յուրացումը մեկ օրում տեղի չի ունեցել, այս գործում ներգրավված մարդկանց թիվը ավելի շատ է և հնարավոր է, որ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ևս տեղյակ են եղել այս կոռուպցիոն գործարքներից:

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջեսուր Մեմեդով Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է, որ այս ձերբակալությունները ադրբեջանական բանակում ծրագրված բարեփոխումների շրջանակներում են արվում: Նրա կարծիքով, Բաքուն այդ քայլին է գնում երկու պատճառով: Նախ՝ թուրք ռազմական մասնագետների քննության արդյունքում կոռուպցիոն սխեմաներ են հայտնաբերվել և արձանագրվել է, որ իրավիճակը ծայրահեղ վատ է: Այժմ թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների խորհրդով հակակոռուպցիոն պայքար է տարվում որպես ռազմական բարեփոխումների կարևոր մաս:

«Այս գործընթացը արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի վերահսկողության տակ է: Այստեղ այնպիսի հարցեր կան, որոնք կարող են իշխանությունների շահերին բախվել, օրինակ, մրցույթների և պետական գնումների դեպքում: Այս առումով այժմ թիրախայինը միջին և մանր կոռուպցիայի դեմ պայքարն է, քանի որ ավելի խոշոր մեխանիզմների դեմն առնելը երկար ժամանակ կպահանջի», - նշել է Ջեսուր Մեմեդով Սումերինլին:

Սումերինլին ասում է՝ երկրորդ պատճառն էլ այն է, որ ՆԱՏՕ-ն 2010 թվականից Ադրբեջանին առաջարկում է միանալ իր Building Integrity ծրագրին, ինչի համար պաշտոնական Բաքուն պետք է վճռականություն ցուցաբերի:

ՆԱՏՕ-ի այս ծրագրի նպատակը զինված ուժերում կոռուպցիայի վերացումն ու թափանցիկության բարձրացումն է։ Ռազմական դաշինքը ծրագրի մասնակից երկրներին հստակ մեխանիզմներ ու աջակցություն է տրամադրում՝ բանակի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Չնայած բարեփոխումների մասին պաշտոնական Բաքվի հայտարարությունների, Transparency International-ի կոռուպցիայի ընկալման 2021 թվականի աղյուսակում Ադրբեջանը իր 30 միավորով կոռուպցիայի առումով վատ վիճակում գտնվող երկրների շարքում է։

XS
SM
MD
LG