Մատչելիության հղումներ

Հայաստանը ժողովրդավարության 2021-ի ցուցիչով տարածաշրջանի առաջատարն է


The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը (Economist Intelligence Unit) հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2021), որով մոլորակի պետությունները դասվում են չորս խմբերի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ:

Զեկույցը կազմելիս, փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Դրանց վերլուծությամբ էլ տվյալ երկիրը ստանում է ընդհանուր գնահատական և որոշվում է երկրի տեղը սանղկակում:

Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Ընտրական գործընթացների և բազմակարծության գնահատականը՝ 7․50, կառավարության գործունեության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:

Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը:

Հարկ է նշել, որ Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը: Իրավապաշտպան հեղինակավոր միջազգային կենտրոնները դեմոկրատիայի գործընթացների հարցով ամեն տարի կազմում են տարատեսակ զեկույցներ և շատ հաճախ տարածաշրջանում առաջատար է ճանաչվում Վրաստանը:

Մինչդեռ, այս զեկույցում հարևան երկիրը Հայաստանի պես հիբրիդային է համարվել և 5.12 ընդհանուր գնահատականով 91-րդ տեղն է գրավել: Հիբրիդային է նաև մյուս հարևանը՝ Թուրքիան, որն ունի 4.35 միավոր և 103-րդն է:

Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը՝ ավտորիտար

Տարածաշրջանի երեք մնացած պետությունները՝ Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը ճանաչվել են ավտորիտար:

Ռուսաստանը 3.24 միավորով 124-րդն է, էլ ավելի վատթար վիճակում Ադրբեջանը՝ 2.68 միավոր, 141-րդ տեղ: Հետնապահն Իրանն է՝ 1.95 միավոր, 154-րդ տեղ:

Երեք երկրներ առաջխաղացում են գրանցել և հիբրիդային խմբից տեղափոխվել են թերի ժողովրդավարություն ունեցող երկրների խումբ, երեքն էլ Եվրոպայից են՝ Մոլդովան, Չերնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան:

Լիակատար դեմոկրատիա հաստատած երկրների ցուցակը գործնականում անփոփոխ է՝ Նորվեգիա, Նոր Զելանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ և այլ պետություններ:

Սկանդինավյան երկրները մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի և ընդհանուր զարգացման ու կենսամակարդակի բարձր ցուցիչներով բազում զեկույցներում առաջին տեղերում են:

Մինչդեռ, ուշագրավ է, որ Ֆրանսիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներւմ, Չեխիայում, Իտալիայում և դեմոկրատական հզոր հիմքեր ունեցող տասնյակ այլ երկրներում, ըստ Economist-ի 2021 թվականի ցուցիչի, «թերի ժողովրդավարություն» է:

Նախկին խորհրդային երկրներից ավտորիտար են համարվել Ղրղըզստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը: Դե իսկ ցանկի ամենաստորին հորիզոնականներին են Հյուսիսային Կորեան, Մյանման և Աֆղանստանը:

XS
SM
MD
LG