Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում «ժողովրդավարության նշանակալի առաջընթացը» փաստող բանաձևը


ԵԽԽՎ նիստ, արխիվ
ԵԽԽՎ նիստ, արխիվ

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ երեկոյան ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, ըստ որի Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում սկսած 2018 թվականից։

ԵԽԽՎ բանաձևը փաստում է՝ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ էր առել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ «Ճգնաժամը հանգուցալուծվեց 2021թ. հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով՝ չնայած լրջորեն բևեռացված միջավայրին», - ասված է բանաձևում։

Բանաձևի համահեղինակ՝ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը մինչ քվեարկությունն ունեցած ելույթում նշեց, որ իր համազեկուցող նշանակվելուց ընդամենը երկու շաբաթ անց՝ 2020 թվականի սեպտեմբերին բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Ոչինչ այդքան ծանր չի անդրադառնում ժողովրդավարության վրա, որքան պատերազմը։ Եվրոպայի շատ երկրներ դրանում համոզվել են սեփական փորձի հիման վրա։ Հայաստանի՝ բավականին երիտասարդ ժողովրդավարության ինստիտուտները, իհարկե, հայտնվեցին շատ ծանր իրավիճակում, սակայն դուրս եկան այդ ծանր շրջանից ամրացած և օրինակ են ծառայում Եվրոպայի խորհրդի երկրների համար», - հայտարարեց Աբերգը։

Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդր Պոսիեժն էլ հայտարարեց՝ ԵԽԽՎ-ում հույս ունեն, որ Հայաստանում խորհրդարանը կդառնա քաղաքական կառուցողական երկխոսության վայր։

«Սակայն հայաստանյան ժողովրդավարության համար գլխավոր վտանգը արտաքին սպառնալիքն է, և անվտանգության թեման կարևորագույնն է Հայաստանի՝ 2021-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում։ Չնայած զինադադարին՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շատ լարված է, Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի հարցը դեռ լուծված չէ», - ընդգծեց լեհ խորհրդարանականը։


XS
SM
MD
LG