Մատչելիության հղումներ

Լույս է տեսել «Ֆրանսիայի մագնիսական ուժը» ժողովածուն


Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Գրողների միությունը ձեռնարկել է «Մենք և աշխարհը» մատենաշարի հրատարակությունը, որի շրջանակներում լույս է տեսել և այսօր միությունում շնորհանդեսի ներկայացվեց «Ֆրանսիայի մագնիսական ուժը» խորագրով ուշագրավ գիրքը։ Գիրքը կազմել է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

«Ազատության» հետ զրույցում Միլիտոնյանը շեշտեց, որ այս մատենաշարի առաջին գիրքը՝ «Իրանի արևը» խորագրով, լույս է տեսել անցյալ տարեվերջին։

Մատենաշարի թե' առաջին, թե' երկրորդ գրքերում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների՝ տվյալ երկրին և այդ երկրի մշակույթին նվիրված խոհագրություններ, գրախոսականներ, բանաստեղծություններ և ակնարկներ։

«Մեր «Ֆրանսիայի մագնիսական ուժը» ժողովածուում ներգրավված են Չարենցի, Իսահակյանի, Վարուժանի, Շիրվանզադեի, Արշակ Չոպանյանի, Նիկողոս Սարաֆյանի, Հարութ Կոստանդյանի բանաստեղծությունները, գրվածքները։ Նաև Արևշատ Ավագյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Շանթ Մկրտչյան, Ղուկաս Սիրունյան, Հովհաննես Գրիգորյանի, Էդվարդ Հարենց, Անուշ Վարդանյան, և նվաստիս գործերը»։

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, հայ գրողները, արվեստագետները մեծ առնչություններ են ունեցել ֆրասիական մշակույթի ու գրականության հետ, և դա անհետք չի մնացել նրանց ստեղծագործություններում, և այս գիրքը հրաշալի ներկայացնում է այդ մտավոր ու մշակութային փոխհարաբերությունը. - «Բազմագույն մի պատկեր Ֆրանսիայի մասին; Գիտեք, որպես մշակույթի հիմնարար, ստեղծարար երկրներից, մեծ ազդեցություն է ունեցել և' արևմտահայ, և' արևելահայ գրականության վրա։ Եվ մինչև օրս էլ ֆրանսիական մտածողությունը որոշակի իմաստով փոխկանչի մեջ է հայ գրականության հետ»։

Ուշագրավ է, որ գրքում ներկայացված են նաև մեր մեծանուն արվեստագետների՝ Երվանդ Քոչարի և Մարտիրոս Սարյանի առնչությունները Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի հետ. - «Կան նաև Վիգեն Իսահակյանի «Փարիզ, Քոչար. անցած օրեր» գրքից հրաշալի կտորներ, որտեղ հենց ներկայացվում են Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Գյուրջյանի և մյուսների առնչությունը ֆրանսիական նկարչությանը քսաներորդ դարասկզբի։ Եվ անունների հետ են շփվել։ Ասենք, Երվանդ Քոչարը Ջակոմետտիի, Սալվադոր Դալիի, Պիկասոյի, մյուս... անուններ, որոնք հիմա երազային են թվում։ Սրանք տարբեր հայացքներ են, մենք Ֆրանսիան տեսնում ենք նաև ներսից, որովհետև մեր շատ մեծեր՝ Շահան Շահնուր, Արշակ Չոպանյան, Իսահակյանի երկար տարիներ, Երվանդ Քոչարը, Մարտիրոս Սարյանը ժամանակ առ ժամանակ ապրել են Ֆրանսիայում և Ֆրանսիան տեսել են ներսից։ Շատ հետաքրքիր է Ալեքսանդր Շիրվանզադեի հուշերը 1905-6 թվականներին Փարիզում բացված ցուցահանդեսների մասին։ Ինքը այդ ժամանակ ապրում էր Ֆրանսիայում և ինքը գրել է այդ ցուցահանդեսների մասին։ Շատ հետաքրքրիր նյութ, հետագայում անվանի դարձած նկարիչներ, շատ քչերին հայտնի պատմություններ։ Եվ բնականաբար, Չարենցի ստեղծագործությունները, Իսահակյանի «Բալզակի մահը», այլ ստեղծագործություններ։ Սա անհրաժեշտ է, որ իմանան մեր աշակերտները, մեր ուսանողները, և բոլոր նրանք, ովքեր ուզում են հայ գրականության այն շերտը ճանաչել, որ աշխարհի մասին պատկերացումներ է կազմել և արտահայտել գեղարվեստական գրականության միջոցով»։

«1915 թվականին եղեռնապուրծ հազարավոր հայեր բնակություն են հաստատել Ֆրանսիայում, իսկ նրանց ժառանգներներից ոմանք էլ դարձել են Ֆրանսիայի փառքերից՝ Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Գառզու, Ժանսեմ, Վահե Քաչա և այլք», - գրքի նախաբանում գրում է էդվարդ Միլիտոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG