Մատչելիության հղումներ

Գրական կյանքը չի կարող կանգ առնել. Էդվարդ Միլիտոնյան


Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ, գրական կյանքը չի կարող կանգ առնել՝ անկախ այն բարդ իրավիճակից, որում գտնվում ենք վերջին տարիներին։

«2021 թվականը իհարկե համավարակի նշանի տակ էլի անցավ, սակայն մենք մեր գրական կազմակերպության անդամներով, մեր գրական մամուլով, մեր ստեղծագործական տան միջոցներով և այլն, փորձեցինք օգտակար լինել և' սոցիալական, և' ստեղծագործական աշխատանքներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էդվարդ Միլիտոնյանը։

Նա, անշուշտ, շատ կարևոր է համարում գրողների ստեղծագործությունների հրատարակումը, որը որոշակի բարդությունների առաջ կանգնեց 2016 թվականից հետո. - «2016 թվականին մի նախարար էր նշանակվել, որը եկավ և ամբողջ հրատարակչական գործերի գլխին մի քար գցեց։ Փաստորեն հետո դժվարությամբ մենք փորձեցինք բան անել, և դրամաշնորհներ հաստատեցին փոքր քանակի ԿԳՄՍ նախարարությունում։ Բայց գրողները իրենց միջոցներով գրքեր են հրատարակում, հենց վերջերս 44-օրյա պատերազմի թեմայով Հռիփսիմեի գրքի շնորհանդեսը արեցինք։ Վերջերս հրատարակեցինք «Իրանի արևը» ժողովածուն՝ մեր դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները Իրանի մասին։ Հայերեն, որը հետո թարգմանվելու է պարսկերեն ու հրատարակվելու է Իրանում։ Ամեն օր, ամեն շաբաթ տարբեր տեղեր շնորհանդեսներ, հանդիպումներ, նոր գրքերի քննարկումներ»։

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, մեր հասարակությունը իհարկե պիտի ճանաչի մեր գրողներին, պիտի հրատարակված տեսնի և կարդա նրանց ստեղծագործությունները, բայց պակաս կարևոր չէ նաև հայ ժամանակակից գրականությունը, գրողներին արտասահմանում ներկայացնելը։ Եվ որպես կարևորագույն ձեռքբերում Գրողների միության նախագահը ընդգծում էր գերմանուհի Պետինա Վյորմանի կազմած «Ժամանակակից հայ պոեզիայի անթոլոգիան», որը թարգմանչուհին հրատարակել է Գերմանիայում և որի շնորհանդեսը տեղի ունեցավ Գրողների միությունում. - «Այդ անթոլոգիաները, հայ գրողների գրքերը, որոնք հրատարակվում են արտասահմանում, մեծ երևույթներ են։ Ցավոք սրտի, մեր ընթերցողը, մեր հանրությունը լուրջ չեն ընկալում, որ դրանք մեծ պատուհաններ են, որ մեր գրողները դուրս են նայում, տպագրվում են, էնտեղ ճանաչելի են դառնում... Իրանում ճանաչված գրողներ ավելի շատ ունենք, քան Հայաստանում. գրքերն են տպագրվում, դրամաներն են բեմադրվում, Սամվել Կոսյանի և տարբեր մեր գրողների գրքերը։ Համեստաբար ասեմ, որ իմ գիրքը էնտեղ արդեն երկրորդ անգամ է վերահրատարակվել։ Այսինքն՝ մենք էստեղ չենք կարողանում հրատարակել, էնտեղ վերահրատարակում են, ներկայացնում են։ Սա էլ հետաքրքիր կյանք է, որ մեզ պիտի, հայաստանյան մեր ընկերներին լիազորված, որ ընկերներ, մի քիչ ուշադիր նայենք գրական կյանքին, ոչ թե իներցիոն, այլ մասնավորապես անուններ, որոնք արժանի են հրատարակվելու։ Հենց իրենք առաջարկեն, որ գրքեր վերահրատարակեն, հրատարակեն և այլն, և այլն։ Ընդհանուր մեր գրական կյանքը երևում է ամենօրյա աշխատանքով»։

Այդ աշխատանքի մեջ, Գրողների միության նախագահի համոզմամբ, շատ մեծ դերակատարում ունի գրական մամուլը. - «Ուզում եմ հիշատակել «Գրական թերթը», «Նորքը», «Գրեթերթը», «Արտասահմանյան գրականություն» ամսագիրը։ Դրանք լույս են տեսնում և ընդգրկում են մեր գրողների ստեղծագործությունները։ Մենք նաև ունենք շատ լավ բաժանմունքներ, հանդիպումներ եղել են և' Շիրակում, և' Կոտայքում։ Մարզային բաժանմունքները նույնպես աշխույժ են։ Օրինակ, «Երկունք» թերթը Վանաձորի, «Եղեգան փողը» Շիրակի զուտ գրական թերթեր են ու հրատարակում են մարզերի երիտասարդ գրողներին։

Այս տարի աշնանը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցած երիտասարդ գրողների համաժողովը հնարավորություն է տալիս միության նախագահին ընդգծել, որ երիտասարդ գրողների լավ սերունդ է գալիս։ Ասում էր, որ շատ բարձր տպավորություն է ստացել. - «Իմ տպավորությունը ավելի շատ սահմանվում է՝ տեսնելով երիտասարդների ուրախությունը, նրանց իրար հանդիպելը, ճանաչելը, քննարկելը։ Ու շատ լավ անուններ կան, որոնք առաջիկայում իրենց գրքերով հանդես կգան»։

Անդրադառնալով Սփյուռքի հետ միության աշխատանքներին՝ Միլիտոնյանն ասաց. - «Վերջերս տասնյակ միջոցառումներ ունեցանք Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանի եկած գրողների ստեղծագործությունների քննարկմամբ, շնորհանդեսներ... Տարին դրական էր ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային առումով. մեր կապերը պահպանվում են, շարունակվում են, ամրապնդվում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG