Մատչելիության հղումներ

Մակրոնը և Պուտինը քննարկեցին նաև ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի բանակցությունները Մոսկվայում, 7-ը փետրվարի, 2022թ․
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի բանակցությունները Մոսկվայում, 7-ը փետրվարի, 2022թ․

Երեկ երեկոյան Կրեմլում շուրջ վեց ժամ տևած բանակցություններին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը։

Մակրոնը երեկ Մոսկվա էր ժամանել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը հարթելու, ինչպես Պուտինի հետ համատեղ ասուլիսին էր հայտարարել՝ պատերազմը բացառելու համար։

Երկար բանակցություններին հետևած համատեղ մամուլի ասուլիսին և՛ Ֆրանսիայի, և՛ Ռուսաստանի նախագահները Ուկրաինայի հետ կապված հարցերից հետո խոսեցին ղարաբաղյան խնդրից։

Վլադիմիր Պուտինը մասնավորապես ընդգծեց ռուս խաղաղապահների առաքելությունը՝ շեշտելով՝ նրանք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը։

Բացի այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները ընդգծեցին այս ձևաչափի անհրաժեշտությունը, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է և միջնորդներն անելիք չունեն։

«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում», - ասաց Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հավելեց, որ ֆրանսիացի պաշտոնակիցը մանրամասներ է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսից։

Ֆրանսիայի նախագահը ևս ողջունել է ռուս խաղաղապահների առաքելությունը, միաժամանակ խոսել ֆրանսիական միջնորդությամբ նախօրեին Հայաստան վերադարձված 8 գերիների մասին։

Մակրոնի երեկվա խոսքից հայտնի դարձավ նաև, որ նա Պուտինի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ է ունեցել նաև երեկվա հանդիպումից առաջ՝ վերջերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում։

«Նախագահ Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք համատեղ տեսակետներ ենք հայտնել մի շարք հարցերի շուրջ։ Կցանկանայի ողջունել ձեր զինվորականների դերը սահմանին՝ Հայաստանի և Ադրբեջանի դժվարին ժամանակաշրջանում», - հայտարարեց Մակրոնը։

Մակրոնը նույնպես ընդգծեց՝ Ֆրանսիան և Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, շարունակում են իրենց առաքելությունը», - այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաև պաշտոնական Վաշինգտոնը, սակայն փաստ է, որ վերջրին պատերազմից գրեթե մեկուկես տարի անց մինչ օրս եռանախագահները դեռ Ղարաբաղ չեն այցելել։

Ի դեպ, ղարաբաղյան հակամարտությունն այսօր էլ մնում է միակ խնդիրը միջազգային օրակարգում, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները համագործակցում են և հրապարակավ, գոնե, լուրջ տարաձայնություններ չեն հայտնում։

XS
SM
MD
LG