Մատչելիության հղումներ

Կենդանաբանական այգու վագրը չի անկել, բայց հիվանդ է. այգու խնդիրները՝ արտահերթ նիստի օրակարգում


«Բարի ախորժակ Գերդային», Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները այս գրությամբ տեսանյութ են տարածել՝ կադրերում միս խժռող վագրն է, երկու օր առաջ էր տեղեկություն տարածվե, թե Գերդան՝ այգու նախավերջին վագրը անկել է: Նա ծեր է, այս տարի, եթե հաջողվի, 20 տարեկան կդառնա, երիկամների խնդիր ունի, բայց չի անկել:

Նույն օրը այգուց ահազանգ հնչեց՝ սմբակավորների բաժնում առնետի թույն են գտել՝ այգու միակ ուղտն ու երկու կուլանները կարող էին թունավորվել. «Թույնը գցել են ջրամբարի մոտ»:

Այգու էկոլոգն է մանրամասն տեսաապացույցներ ներկայացնում համացանցի իր էջում, իսկ տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը դիմել է իրավապահներին, որ պարզեն՝ ովքեր են փորձում թունավորել կենդանիներին: Ըստ Մկրտչյանի, այս ամենով փորձում են վարկաբեկել, մեղադրել տնօրինությանը:

«Մկնդեղը գտել են, մարդուն չեն գտել: Իմ ուղեղի մեջ դա երբեք չի տեղավորվում, որ ինչ-որ մեկն իր կենդանուն սիրելով հանդերձ թունավորի: Կենդանուն իսկական խնամողը ինքը կարա սոված մնա, կենդանին կուշտ լինի», - ասաց կենդանաբանական այգու նախկին աշխատակից Խաչիկ Քառյանը:

Խաչիկ Քառյանը գիշատիչների բաժնի ավագ խնամողն էր, հեռացավ այլ մասնագետների հետ, աշխատանքային խնդիրների պատճառով, դրանցից մեկն էլ այն էր, որ արջերին որոշել էին չկերակրել, որպեսզի նրանք թմրեն ու քնեն:

Նախորդ տարեվերջից սկսած Երևանի կենդանաբանական այգում աշխատակիցների և տնօրինության միջև կրքեր են եռում: Այգու գլխավոր կենդանաբույժը, կենդանաբույծը, գիշատիչներին, թռչուններին խնամողները, էլի այլ մասնագետներ հեռացել կամ հեռացվել են այգուց: 6 հազվագյուտ անգղեր մի քանի օրում սատկեցին, ըստ հեռացած մասնագետների ՝ սովից: Բազմաթիվ այլ կենդանիներ էլ են անկել սովի, նոր դիետաների, ընդհանրապես տնօրինության ոչ մասնագիտական մոտեցման պատճառով, պնդում են այգուց հեռացած աշխատակիցները:

Ի՞նչ է ի վերջո կատարվում այստեղ, ինչպե՞ս մարդկանցից փրկել կենդանիներին: Երեկ Երևանի քաղաքապետարանում այգու կառավարման խորհրդի արտահերթ ու հրատապ նիստ է հրավիրվել:

«Պետք է լինեն մասնագետներ, որոնք պետք է զբաղվեն հենց այդ կենդանիների առողջական ու մնացած խնդիրներով: Եթե մասնագետ չլինի, պարզ է, որ այգու վիճակը նման վիճակում կլինի», - նշեց Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ղեկավար Կարեն Մանվելյան:

Այգու կառավարման խորհրդի ղեկավար Կարեն Մանվելյանը շեշտում է՝ այգուց մասնագետներ են հեռացել, հիմա մի քանի նոր մասնագետ կա, բայց քիչ են ու փորձ է պետք. «Այգում մասնագետ դառնում են տարիների աշխատանքի փորձի հիմքի վրա, ոչ թե միանգամից գալիս են ու հասկանում են»:

Կառավարման խորհրդի անդամները այգու տնօրենից նաև լսել են, որ մսի հայթայթման խնդիր կա հիմա, այսինքն կենդանիների կերի: Արևիկ Մկրտչյանն այսօր մեր զանգերը անպատասխան թողեց, կառավարման խորհրդի անդամներից ավագանու իմ քայլական անդամ Արման Անտոնյանը բացատրում է ոչ թե կերի խնդիր է, այլ որակյալ կերի խնդիր:

«Քանի որ տնօրենի կողմից բարձրաձայնվել է, որ սննդի մատակարարը կենդանաբանական այգուն մատակարարում է ոչ որակյալ ծնունդ, ուստի կան ենթադրություններ, որ կենդանիները անկում են այդ անորակ սննդից», - նշեց Անտոնյանը:

Այգին 6 ամիս է Մկրտչյանն է ղեկավարում, ինչո՞ւ են հիմա խոսում անորակ կերի մասին, այս հարցի պատասխանը՝ չկա: Անգղերի անկման պատմությունից հետո այգու էկոլոգ Հրանտ Դավթյանը հայտարարում էր, որ կենդանիներին նախկին անասնաբույծը աղբով է կերակրել: Իսկ հիմա նա պարբերաբար հրապարակում է լուսանկարներ՝ նարինջ, կիվի, թարմ կանաչեղենով զարդարված բազմերանգ տարաներ, որ վայելում են կենդանիները:

Նկարահանումից դուրս էլ է պատկերն այսքան գեղեցիկ, պարզել հնարավոր չէ, քանի որ այգու մթերքի պահեստը սանիտարական գոտի է համարվում, նկարահանում չի կարելի: Այգու կառավարման խորհրդի անդամները երեկ պայմանավորվել են, կենդանաբուժական- կենդանաբուծական կանոնակարգ մշակել. ամեն մասնագետ պետք է իր անելիքն իմանա, ամեն կենդանի՝ իր մշակված ճաշացանկը, որպեսզի կենդանիները տնօրենի, աշխատակցի քմահաճույքներին զոհ չգնան:

«Անկախ նրանից, թե ով կլինի տնօրենը, ով կլինի այգու մասնագետը ու իրանք վերցնեն որպես բլիբլիա և շարժվեն դրանով», - նշեց կառավարման խորհրդի նախագահը:​

Կարեն Մանվելյանն ասում է՝ այսօր իրենք այգում որևէ գործընթացի հետևել չեն կարող, քանի դեռ մասնագիտական այդ կանոնակարգերը չկան, իսկ դրանք եղել են, հիշում է Մանվելյանը, որ 90-ականներին այգու փոխտնօրենն էր: Որոշել են նաև այգու տարածքը տեսախցիկներով զինել, քանի որ թունավորման կրիմինալ պատմություններն այստեղ նոր չեն, սակայն պատիժ կրողներ էլ չեն եղել:

«Ցավոք, կենդանաբանական այգում այդքան տեսախցիկներ չկան, որ հնարավոր լիներ հիմնավորել և հնարավոր լիներ պարզել, թե ով է այդ մկնդեղի տրցակն այնտեղ նետել: Շատ եմ ցավում, որ մարդկանց վիճաբանությունների կամ մարդկանց պատճառով կենդանիներն են տուժում», - ընդգծեց Անտոնյանը:​

Ի՞նչ է մնացել կենդանաբանական այգում, սա էլ հարց, որ մտադիր են պարզել խորհրդի անդամները, այգում կենդանիների գույքագրում կանցկացվի: Ի դեպ՝ մինչև այժմ պարզ չէ, քանի անգղ է անկել ի վերջո. կենդանիներին խնամողներն ասում են՝ 6, ղեկավար անձնակազմը՝ 4:

XS
SM
MD
LG