Մատչելիության հղումներ

Կենդանաբանական այգու շուրջ դարձյալ կրքեր են բորբոքվում, նորից անկումներ են


Սպիտակագլուխ ու սև անգղերը սովի՞ց են սատկել, թե՞ թունավորվել են, Երևանի կենդանաբանական այգու շուրջ դարձյալ կրքեր են բորբոքվում: Մի շարք աշխատակիցներ հեռացել կամ հեռացվել են աշխատանքից, և նրանք պնդում են՝ այգում կենդանիները սովի կամ նոր դիետաների զոհ են դառնում:

«Կենդանիները սենց չեն կերակրվում: Մեկ վանդակի մեջ այդքան կենդանի չկերակրվեն, դա բավականին լուրջ է», - ասում է այգու նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը` հավելելով, որ 4 սպիտակագլուխ ու 2 սև անգղերը սատկել են հյուծվածության հետևանքով:

Այդ անգղերը հազվագյուտ ու վտանգված տեսակներ են, Կարմիր գրքում գրանցված: Թռչունների բաժնի ղեկավար Գարիկ Խլղաթյանը, որ հիվանդության պատճառով գործի հիմա չի գնում, նույն է պնդում. շուրջ երկու շաբաթ ահազանգում էր՝ անգղերին կեր տվեք. «Ասել են` չկա, չկա, մի անգամ փորձեցին նապաստակ, ասացին` մենք նապաստակ կտանք, փորձեցինք, չկերան նապաստակն, ու էլ ոչ մի բան չեն կերել»:

Այգում բոլոր ահազանգերին պատրաստ է պատասխանել Հրանտ Դավոյանը, նա շաբաթներ առաջ է այստեղ գործի անցել. «Իմ ֆունկցիաների մեջ մտնում է կենդանիների բարեկեցությունը, սննդակարգը»:

Նախ՝ վստահեցնում է ոչ թե 6, այլ ընդամենը 4 անգղ է անկել: Ի դեպ, անգղերին խնամողը, այգու գլխավոր կենդանաբույժը, գլխավոր կենդանաբույծը պնդում են` 6 անգղ է սատկել։ Դավոյանը սա հերյուրանք է համարում, նաև պնդում՝ հերձումը թունավորման պատկեր է ցույց տվել, թունավորե՞լ են, դեռ չգիտի։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացանք՝ պատասխան դեռ չունեն, թունավորման մասին վաղ է խոսել: Հրանտ Դավոյանն ընդհանրապես այգու արդեն նախկին աշխատակիցներին է մեղադրում՝ կենդանիներին վատ ուտելիք են տվել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը չգիտե՞ր:

«Գիտեին, դրա համար հրավիրեցին ինձ` որպես մասնագետ` սննդակարգը ստուգելու և աշխատելու, ճիշտ սննդակարգով որ կենդանիները սնվեն, ու ես որ եկա, տեսա` ինչ սննդակարգով են, լրիվ աղբ են իրենք ուտում, ոչ թե մենակ թռչունները, այլ մնացած կենդանիները», - նշում է Հրանտ Դավոյանը:

Հիմա ըստ նրա՝ անգղերը ոչ թե աղբ, այլ ծովախոզուկ ու առնետ են ուտում:

Կա՞ կեր այգում, ի՞նչ են ուտում կենդանիները, այս ամենը ճշտել հնարավոր չէ, ասում են այգու պատասխանատուները՝ հիմնավորելով, թե խոհանոցը, պահեստը սանիտարական գոտի է, իսկ թռչուններին խնամող Գարիկ Խլղաթյանը պնդում է՝ այս պահին սոված են իր մյուս թռչունները` սիրամարգ, փասյան, ջայլամ, բոլորը աղացած գարի են ուտում, հատիկավոր կեր չունեն:

«15 օր ահազանգում եմ, ասում եմ, որ կեր տվեք, կեր ստացեք, կեր բերեք, այս կենդանիները մենակ գարիով չեն ապրի, իրենք ռեմոնտներ են անում իրենց շենքերում», - նշում է Գարիկ Խլղաթյանը:

Եթե արևածաղկի, եգիպտացորենի հատիկներ չունեն, այս թչուններն էլ իմունիտետը կկորցնեն, ասում է նա` հընթացս բացահայտելով՝ թռչունների բաժնում տուբերկուլյոզի վարակ է, սնունդը կարևոր է: Այգին կերի խնդիր չունի, հակադարձում են այգում:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անգղերից բացի, այգին հրաժեշտ է տվել նաև 3 եղնիկների, սիբիրյան լուսանին, արջին և թուրքմենական էշին, պնդում է օրեր առաջ այգուց հեռացված գիշատիչների բաժնի ավագ խնամող Խաչիկ Քառյանը. «Սովածությունից էլ արդեն վերևի արջերը իրար հետ կռիվ էին սարքել, մեկին էլ սպանել էին»:

Ըստ նրա` նույն տարածքում համերաշխ ապրող 8 արջերից մեկի անկման պատճառը տնօրինության նորամուծությունն էր` արջերը թող չուտեն, որ ձմեռային քուն մտնեն: Ասում է՝ մեր արջերը ձմռանը երբեք չեն քնել, որովհետև Երևանում շատ ցուրտ չէ, իրենք էլ որջեր չունեն. «Ամեն անգամ ես զգուշացնում եմ, որ ես բժժածություն չեմ տեսնում, որ կենդանին պատրաստվում է քնելու, նոր մեկ ամիս հետո սկսեց կերակրել նորից»:

Քառյանն ասում է՝ արջերը մեկամսյա սովից բժժել էին, իսկ տնօրինության կարծիքով` բժժում էին մեծ քուն մտնելուց առաջ, չքնեցին, բարկացան, մեկը վնասվեց: Այգու էկոլոգը, մեկնաբանելով այս պատմությունը, շեշտում է` արջերի քնի նախագիծը գիտական ծրագիր էր:

«Չէին սնվել, որովհետև քնելուց առաջ չպետք է կերակրվեն, բայց քանի որ այս արջերի հետ ինչ-որ աշխատանք չի տարվել, իրենք երբեք չեն քնել, ու իրենք չքնեցին», - շեշտում է Հրանտ Դավոյանը:

Այգու արջերը այդպես էլ չքնեցին, Դավոյանի պնդմամբ՝ հիմա կուշտ են: Արջերն էլ, ըստ Դավոյանի, նախկինում աղբ են կերել. «Արջերին կերակրել են չոր կատվի կերով, որի բաղադրությունը իսկապես աղբ էր»:

Նախկին գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը վստահ է՝ այն, ինչ հիմա կենդանիների հետ են անում, լուրջ հետևանքներ դեռ կունենա: Պնդում է՝ ինչ-որ սննդակարգեր են ստեղծում և կենդանիներին այս ու այն կողմ տեղափոխում առանց մասնագիտական քննարկումների: Երեք եղնիկ վերջերս սատկել է, ըստ Հովհաննիսյանի՝ տեղափոխության պատճառով. «Ես ինքս եմ տեղափոխել` հրահանգի համաձայն, չնայած համաձայն չէի տեղափոխությանը, մի վանդակից մյուս վանդակ տեղափոխեցի, իրենք սկսեցին իրար հետ կռվել, քաշքշեցին իրար, իրենց կռվելու և թոքային այտուցի հետևանքով սկսեցին մեկը մյուսի հետևից սատկել»:

Հրանտ Դավոյանը պնդում է՝ այգին մասնագիտական ներուժի խնդիր չունի, բոլոր հեռացածներն արդեն փոխարինվել են, և ինքն էլ երկարամյա փորձ ունի: Վստահեցնում է` այգուց հեռացածների պատճառով են տուժել կենդանիները՝ վատ կեր են կերել: Նա իր ֆեյսբուքյան էջում «նախկինում ու հիմա» խորագրով լուսանկարներ է տեղադրում՝ նույնիսկ կենդանու կղանքը, գրում է, հիմա ավելի լավ տեսք ունի:

Նախկին աշխատակիցները չեն կասկածում՝ այգին սննդի ու մասնագիտական մոտեցման խնդիր ունի: Երևանի գազանանոցի կենդանիները վաղուց ի վեր անկում են ոչ բնական ճանապարհով՝ մեկ շների ոհմակն է օրեր շարունակ մտնում այգի ու հոշոտում կենգուրուներին ու մուֆլոններին, մեկ տուբերկուլյոզից մի խումբ սմբակավորներ են կոտորվում, մեկ այգու միակ զեբրին են մկնդեղով թունավորում, և այս ամենը պարբերաբար ուղեկցվում է տնօրեն-աշխատակիցներ առճակատմամբ:

XS
SM
MD
LG