Մատչելիության հղումներ

Կենդանաբանական այգու աշխատակիցները չեն կարծում, որ տնօրենը շների ոհմակի պատճառով պետք է հեռանա


«Կոլեկտիվը դեմ է, որ հեռանա իր աշխատանքին նվիրված ու անձնակազմին մեծարող տնօրենը». Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները՝ այս բովանդակությամբ նամակ են ուղարկել վարչապետ Փաշինյանին ու քաղաքապետ Մարությանին։

«Եթե շների պատճառով է եղել դեպքը, տնօրենն այս դեպքում, կարծում ենք, որ ոչ մի տեսակի մեղավորություն չունի: Նամակի մեջ նշել ենք, որ ուզում ենք տնօրենն իր դիմումը հետ վերցնի ու չենք ուզում, որ ինքը հեռանա աշխատանքից», - ասաց Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից Վալյա Մարգարյանը:

Մոտ 70 հոգու ստորագրությամբ նամակում շեշտում են՝ աշխարհի ամենազարգացած այգիներն էլ չեն կարող խուսափել թափառող շների հարձակումից: Նախորդ շաբաթ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հետևեց փոխքաղաքապետ Վիրաբյանի հորդորին, գրեց հրաժարականի դիմում, այն բանից հետո, երբ երկու գիշեր իրար հետևից շների ոհմակը հոշոտեց սկզբում այգու երեք կենգուրուներին, ապա՝ մուֆլոններին։ Այգում կասկածողներ կան, որ շներն ուղարկված էին:

«Նորք Մարաշից ուղարկել են, թե չէ ոչ մի անգամ էդքան շուն չի եկել», - նշեց այգու աշխատակիցներից մեկը:

Ախտաանատոմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ կենդանիների մահը վրա է հասել արտաքին ներգործությամբ առաջացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով։ Շների ատամներն են, թե այլ գործիք, չի հստակեցվում։

«Դիմում ներկայացվել է, բայց գործ հարուցելու որոշում դեռ չունենք, բայց կարծում եմ՝ շուտով կլինի», - ասաց այգու աշխատակիցներից Քրիստինե Ղասումյանը:

Այգու իրավաբանը շեշտում է՝ մարդկային գործոնը բացառված չէ, բայց դա պետք է պարզեն իրավապահները։ Այս օրերին այգին գիշերային խիստ հսկողության տակ է, արդեն 11 շուն են բռնել թմրեցրել, ուղարկել շների վնասազերծման կենտրոն։

Այգու աշխատակիցները շեշտում են՝ դիմում գրած տնօրենն է գիշերային հսկողությունը կազմակերպում, նրա դիմումը ստորագրված չէ։ Այգում հույս ունեն չի ստորագրվի։ Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ քաղաքապետն արձակուրդում է և դիմումի ստորագրումն իր կարծիքով տեխնիկական հարց է, կվերադառնա եկող շաբաթ։

«Արդեն ընտելացել ենք մեր տնօրենին, իրանք ընտելացել են մեզ՝ ուրիշ ա, մի անծանոթը գա՝ ուրիշ ա», - ասաց Երևանի կենդանաբանական այգու աշխատողներից Լուսինե Հարությունյանը:

Թռչունների բաժնի խնամողը պնդում է՝ տնօրենն այգու բարեկարգման ուղղությամբ շատ գործ է արել, համաձայն չէ, որ Ռուբեն Խաչատրյանի տնօրինության տարիներին կենդանիների շարքերը նոսրացել են․ «Դե անկումներ, մարդկանց մեջ էլ է անկում լինում, մեծանում են, ծերանում են, հիվանդանում են, բուժում չի լինում, էս չի լինում, էն չի լինում, մարդկանց մեջ էլ ա լինում էդքան բաները, սաղ կենդանիներին հո մենք չենք սատկացնում»:

Աշխատակիցներից Ալիդա Բարսեղյանն էլ այգու անհաջողությունները կապում է հեռացված աշխատակիցների հետ, ասում է՝ այդ նրանք են անում. «Իրանք են սաստկացրել, որ աթոռը գրավեն»:

Այգուց հեռացված աշխատակիցները տարուց ավելի է պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, այսօր նրանք բավարարված չեն, նախկին աշխատակիցներից Գևորգ Գրիգորյանն ասաց՝ նախ Խաչատրյանը պետք է Ուրցաձորից հետ՝ այգի վերադարձնի մորուքավոր անգղերին, հետո վերականգնի անշնչացած կենդանիների վնասը:

«Անհապաղ ինքը լիքի այդ տարածքը, որովհետև ինքը այդ կենդանիներին չսիրեց, կենդանիներն էլ իրեն չսիրեցին», - նշեց Գրիգորյանը:

Նախկին աշխատակիցն ասում է՝ հասկացան, որ տնօրենը կենդնիներին չի սիրում, երբ մի քանի օրական մուֆլոնին գրկելուց հետո ձեռքերը սրբեց թաց անձեռոցիկով, սա խոցել է նախկին աշխատակիցներին։ Գևորգ Գրիգորյանն էլ ավելի է վիրավորվում, երբ լսում է կասկածների մասին, թե շների ոհմակն իրենք են ուղարկում, այգու միակ զեբրին էլ մկնդեղով թունավորեցին:

«Թեկուզ ինչքան էլ ես տնօրենից զզվեմ, ես իմ սերը կթողնեմ ընկնեմ դրա խելքին՝ կենդանի վնասե՞մ», - ասաց Գրիգորյանը:

Պնդում է՝ թափառող շների ոհմակի դեմ տարիներ շարունակ այգում պայքարել են իրենց օգնական հովվաշները, որոնց Ռուբեն Խաչատրյանը քշել է։ Այգում կենդանիների անկման կասկածելի որևէ պատմություն առայժմ չի բացահայտվել, կա քրեական գործ զեբրի թունավորման դեպքով։ Ի դեպ, այդ օրից անցել է ուղիղ մեկ տարի:

«Զեբրի պահողը ես եմ եղել, ես զեբրի հետ համարյա մեռել եմ, հարել եմ: Երեկ, էս օրը եղավ, գիտեք ես ինչքան վատ եմ տարել ու ես ասել եմ՝ ով, որ իմ զեբրին այդ օրն ա գցել, զեբրից բեթար օր ընկնի», - նշեց աշխատակից Արմինե Սարգսյանը

Տիկին Արմինեն վիտամիններ է տանում այգու խոզուկներին ու եղնիկներին, բայց ասաց՝ մտքով իր խնամյալ զեբրի հետ է. «Հեռախոսի մեջ ես իմ թոռների նկարը չունեմ, բայց զեբրի նկարը ունեմ»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG