Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը պաշտոնանկ է արել վիճակագրական գործակալության ղեկավարին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել Պետական վիճակագրական գործակալության ղեկավարին, ով իր հրապարակած հաշվետվությունում արձանագրել է երկրում գնաճի առավելագույն մակարդակը վերջին 19 տարվա ընթացքում:

Էրդողանը չի պարզաբանել Սաիթ Էրդալ Դինչերի պաշտոնանկության որոշումը։

Վերջինս իշխանությունների և ընդդիմության քննադատության թիրախում է հայտնվել հունվարի 3-ին տվյալների հրապարակումից հետո, որոնք վկայում էին դեկտեմբերին սպառողական գների ավելի քան 36 տոկոս աճի մասին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ հաշվետվությունը զայրացրել էր Էրդողանին, որի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսական ճգնաժամի վերաբերյալ գնահատականները չափազանցված են։

Վերջին ամիսներին Թուրքիայում աննախադեպ աճել են մասնավորապես սննդի, տրանսպորտի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի և այլ հիմնական ապրանքների գները։ Տնտեսական ճգնաժամը խորացել է Էրդողանի կողմից Կենտրոնական բանկի գործունեությանը միջամտելու և վիճահարույց տնտեսական քաղաքականության պատճառով:

Չնայած անարդյունավետ այդ քաղաքականությանը, որը երկրում հանգեցրել է աննախադեպ գնաճի, գործազրկության, ազգային տարադրամի ավելի քան 44 տոկոս արժեզրկման դոլարի նկատմամբ, նախագահ Էրդողանը մտադիր չէ հրաժարվել ֆինանսական քաղաքականությանը այդ՝ մասնագետների գնահատմամբ կոպիտ միջամտությունից։

Թուրքիայի նախագահը հույս ունի, որ ցածր տոկոսադրույքների պահպանումը մրցունակ տարադրամի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և արտահանման պոտենցիալին։

XS
SM
MD
LG