Մատչելիության հղումներ

Թուրքական տարադրամի կտրուկ անկումը շարունակվում է՝ 17 լիրա ԱՄՆ մեկ դոլարի դիմաց


Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը շարունակվում է։ Այսօր առավոտյան օնլայն բորսաներում կայացած սակարկությունների արդյունքում ամերիկյան դոլարի դիմաց վճարում են 17 լիրա՝ նախորդ ուրբաթ օրը արձանագրված 16․41-ի դիմաց։

Թուրքական տարադրամի հերթական գահավիժմանը նախորդեցին նախագահ Էրդողանի կիրակի օրը հնչեցրած հայտարարությունները, որ կրկին վերաբերում էին վերաֆինանսավորման տոկոսադրույքներին։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ պնդեց, թե չի պատրաստվում բարձրացնել դրանք։

«Ընդդիմությունն ու սովորաբար այս թեմաներում ներգրավված մյուս շրջանակները չեն կարող համակերպվել տոկոսադրույքների հարցում մեր կողմից ցուցաբերվող հստակ դիրքորոշման հետ։ Բայց ես, որպես Թուրքիայի նախագահ, մշտապես, այս պաշտոնը ստանձնելու պահից ի վեր, հայտարարել եմ՝ ես դեմ եմ տոկոսադրույքների բարձրացմանը», - հայտարարում էր Էրդողանը՝ աֆրիկյան պետությունների երիտասարդների հետ նախօրեին Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում։

Թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հերթական փուլը մեկնարկեց նախորդ շաբաթ, այն բանից հետո երկրի Կենտրոնական բանկը նվազեցրեց կարճաժամկետ փոխառությունների տոկոսադրույքները։

XS
SM
MD
LG