Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կբախվի ահռելի հետևանքների, եթե Ուկրաինայի հարցում ընտրի ագրեսիայի ճանապարհը․ Բլինքեն


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կբախվի ահռելի հետևանքների, եթե Ուկրաինայի հարցում ընտրի ագրեսիայի ճանապարհը։

«Մենք հնարավորինս անում ենք Մոսկվային հասկացնելու համար, որ նա երկու ճանապարհ ունի՝ երկխոսության և դիվանագիտության՝ տարաձայնությունները խաղաղ լուծելու համար, իսկ եթե ընտրի ագրեսիայի ճանապարհը, ապա ահռելի հետևանքներով», - ասել է պետքարտուղարը՝ նշելով, որ այդ ճանապարհներից յուրաքանչյուրի համար ԱՄՆ-ն ամբողջովին պատրաստ է։

Բլինքենը նշել է, թե Միացյալ Նահանգները դեռ չգիտի, թե որն է Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության առկա կառուցվածքը վերաշարադրելու պահանջների Կրեմլի վերջնախաղը։

«Ես պնդում եմ, որ միակ մարդը, ով կարող է ասել, թե որն է Կրեմլի վերջնախաղը, դա նախագահ Պուտինն է։ Ես չեմ կարծում, թե ուրիշ որևէ մեկը գիտի դա։ Կարող է նա էլ դեռ չգիտի, որովհետև նա էլ անցյալում ինչ արել է և դա, իմ կարծիքով, աշխուժացնում է նրա մոտեցումները, հնարավորինս շատ տարբերակներ ստեղծելն է, և դրանցով է պայմանավորում հետագա ընթացքը», - ասել է պետքարտուղարը։

Նա Ռուսաստանին կոչ է արել ներգրավվել բանկացություններում՝ վերջ տալու Ուկրաինայի սահմանի երկայնքով ճգնաժամի ստեղծմանը։ Բլինքենը նշել է, որ Դոնբասի խնդիրները լուծելու լավագույն տարբերակը մնում են Մինսկի խմբի համաձայնությունները։

ԱՄՆ պետաքարտուղարը «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» «Սկայպի» միջոցով հարցազրույց է տվել հունվարի 27-ին՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների պահանջներին Մոսկվային գրավոր պատասխանելուց մեկ օր անց։

XS
SM
MD
LG