Մատչելիության հղումներ

Վարչապետը դեռ չի հաստատել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը


Վարչապետը դեռ չի հաստատել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը բոյկոտում են այս նախաձեռնությունը և թեկնածուներ չեն առաջադրելու, իշխանությունից խորհրդում ընդգրկվելու է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը նաև կղեկավարի այս կառույցը, Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանն ու Բարձրագույն դատական խորհրդից մեկ անդամ։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում են ընդգրվելու նաև արտախորհրդարանական ուժերից, Արդարադատության նախարարությունն արդեն ընտրել է երկու ներկայացուցիչ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից՝ Մասիս Մելքոնյանը։

Մրցույթով ընտրվել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները՝ իրավապաշտպաններ Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը և Արթուր Սաքունցը։ Խորհուրդն իր հերթին ձևավորելու է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որում արդեն պետք է ընդգրվեն պրոֆեսիոնալ իրավաբաններ։

Վարչապետ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե այս նախաձեռնությունն ամենևին չի նշանակում, որ սահմանադրական փոփոխություններ հաստատ տեղի կունենան։

«Հետևաբար հարց կարող է ծագել՝ իսկ ինչո՞ւ է էդ դեպքում ստեղծվում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Եթե շատ պարզ ասեմ, մենք խնդիր ունենք չորս տարվա գործունեությունից հետո, էսպես ասած, աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան։ Մենք կտեսնենք, թե ինչ նյութ է ձևավորվում հանձնաժողովի աշխատանքի արդյունքում՝ աուդիտի արդյունքում, որից հետո նաև արդեն քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը կգա, հերթը կգա», - ասաց Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը շտապում է հայտնել, որ դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը՝ հրաժարվել խորհրդարանական մոդելից, որը մինչև իշխանության գալը Փաշինյանը որակում էր Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում։

«Եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք, և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր պատմության մեջ առաջին դեպքն էր, որ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը և ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան», - նշեց Փաշինյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է՝ անցած չորս տարիներն արդեն իսկ վարչապետի ասած աուդիտն էին ու ցույց տվեցին, որ Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում չի աշխատում։

«Միանշանակ է, որ Սահմանադրությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը, արդյունավետ պառլամենտական վերահսկողություն չի երաշխավորում, չի ապահովում գործադիր իշխանության նկատմամբ։ Այնպես որ, ինձ համար այդտեղ որևիցե կասկած չկա, որ պիտի փոփոխվի Սահմանադրությունը», - նշեց իրավապաշտպանը։

Սաքունցն ասում է՝ հանձնաժողովում աշխատանքը ցույց կտա հետագա մասնակցության նպատակահարմարությունը, Կառավարման համակարագի փոփոխության հարց իրավապաշտպանը ևս չի բարձրացնում։

XS
SM
MD
LG