Մատչելիության հղումներ

«Անպիտան հրթիռների» գործով դատական նիստը դռնփակ մեկնարկեց. պաշտպանները դրա համար հիմք չեն տեսնում


«Անպիտան հրթիռների» գործով դատական առաջին նիստն այսօր դռնփակ մեկնարկեց, չնայած նրան, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու մյուս մեղադրյալները պահանջում են հրապարակային քննություն։ Տոնոյանի փաստաբանական թիմը երեկ հայտարարել էր, որ դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունն ու մեղադրող կողմի հիմնավորումների անբովանդակ լինելը։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն` հստակորեն նշված է, թե որն է հանդիսանում ռազմական բնագավառում պետական գաղտնիք, և այդ հոդվածի մեկնաբանությամբ որևէ պետական գաղտնիքի հետ այս քրեական գործն առնչություն չունի», - ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Փաստաբանները հատկապես մատնանշում են Ազգային անվտանգության ծառայության ու Գլխավոր դատախազության հաղորդագրություններն ու հայտարարությունները։ Դրանցում քրեական գործի մանրամասներն են, անգամ անպիտան անունը ստացած հրթիռների տեսակը, քանակն ու գինը, այսքանից հետո ի՞նչ պետական գաղտնիք, հարց են բարձրացնում պաշտպանները։ Միջնորդել են նույնիսկ մասնակի դռնբաց անցկացնել նիստերը, սակայն դատարանը կրկին մերժել է։

«Խնդրում էինք մեջբերել կոնկրետ այն տվյալները, որոնք գաղտնիք են, և այդ գաղտնիքը միայն գաղտնիք չի նշանակում դռնփակ, այսինքն` պետք է սպառնա պետական անվտանգությանը: Այս գործում այն, ինչը պետք է իբր սպառնալիք լիներ, պետական մարմինները հրապարակել են առաջին օրվանից սկսած, այսինքն` եթե խոսում ենք` թշնամի պետությունն ինչ պետք է իմանար, ամեն ինչ ասել են, հենց պետական մարմիններն են ասել, և դրանից բացի մնացածը որևէ գաղտնիք իրենց չի ներկայացնում, որ կվտանգի պետական անվտանգությունը», - նկատեց ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դռնփակ անցկացնելու միջնորդությունը Գլխավոր դատախազությունն էր ներկայացրել: Առաջին նիստին, որ հիմնականում կալանքի հարցերին էր անդրադարձ լինելու, ներկա էին առանձնապես խոշոր չափերով` 4.6 միլիոն դոլարի յուրացման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը, բանակին հրթիռները մատակարարած ընկերության տնօրենը, Զինված ուժերի ավիացիայի նախկին պետն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող Գլխավոր շտաբի գործող պետը նիստին ներկա չէր։ Ազգային անվտանգության ծառայությունը Արտակ Դավթյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել, և նա շարունակում է պաշտոնավարումը։ Մինչդեռ նրա արդեն նախկին տեղակալը քանի ամիս է՝ կալանավայրում է և աշխատանքից ազատվեց իր դեմ հարուցված քրեական գործի հիմքով։

2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն են քրեական գործի հարուցման պատճառ դարձել, պնդում են Գլխավոր դատախազությունից: Գերատեսչությունից միևնույն ժամանակ հայտնում են, որ այդ գործարքի հետևանքով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել։ Մեղադրյալների պաշտպանները հակառակն են պնդում՝ չկա որևէ ապացույց, որ հրթիռներն անպիտան են եղել։

Հրթիռները բանակին մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանն ասում է՝ այդ հրիթռներն անգամ փորձաքննության չեն ենթարկվել, չեն կրակվել. «Փորձնական կրակում կարող է կատարվել տարբեր եղանակներով, ընդ որում մենք, իհարկե, շատ մասնագետների հետ ենք խոսել: Այդ փորձարկումը կարող է նույնիսկ կատարվի առանց համապատասխան տեխնիկան օդ բարձրացնելու, այսինքն` այսօր ինքնաթիռ կամ ուղղաթիռ պարտադիր չի օդ բարձրացնել, որ փորձարկում անեն, կամ համապատասխան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս նաև, օրինակ, հենց տեղում` գետնի վրա այդ փորձարկումը իրականացնել»:

Դատական առաջին նիստն այսօր հետաձգվեց, պատճառը դատավոր Մանվել Շահվերդյանին բացարկ հայտնելուն էր առնչվում, մինչ այդ հարցը քննելը պաշտպանները ցանկանում էին իմանալ՝ գործը դատավորին օրենքով սահմանված կարգով է մակագրվել, թե՝ ոչ։ Դատական գործերն այժմ դատավորներին ձեռքով են մակագրվում, քանի որ էլեկտրոնային մակագրման համակարգիչը առգրավված է մեկ այլ քրեական գործի շրջանակում։

XS
SM
MD
LG