Մատչելիության հղումներ

ԳՇ պետ Արտակ Դավթյանը ևս մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, Գլխավոր շտաբի գործող պետ Արտակ Դավթյանի և ևս երեք այլ անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան, հաղորդում է գլխավոր դատախազությունը։

Գլխավոր շտաբի պետին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը նախաքննությունը վարող Ազգային անվտանգության ծառայությունը ամիսներ շարունակ չէր հաստատում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։

ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):

Դեկտեմբերի 17-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը պաշտոնանկ է արվել։ Նա կալանավորված է։

2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանը ևս 2 ամսից ավելի է՝ կալանավայրում է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4.7 միլիոն դոլար գումարի յուրացման համար։

Բանակին անպիտան հրթիռներ գնելու գործով անցնում են Զինված ուժերին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը:

Ի տարբերություն մյուս մեղադրյալների՝ Գլխավոր շտաբի պետ կալանքի տակ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG