Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ ընտրություններին առնչվող 29 գործով դատի է տրվել 53 անձ


2021-ի հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ. դատախազությունն ամփոփել է աշխատանքների արդյունքները՝ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ:

Դատի տրված անձանց շուրջ 80 տոկոսը եղել են ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվողները, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝11-ը եղել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք:

Ըստ հաղորդագրության, դատարան ուղարկված գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից 3-ով 4 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը, որոնցից 3-ի պարագայում պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան: Իսկ 2 գործով 2 անձ դատապարտվել է տուգանքի: Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատաքննությունը շարունակվում է:

Դատախազությունը նշում է, որ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ընդհանուր անցել է 91 անձ, վերջիններից 67-ին կամ ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար:

Հունվարի 1-ի դրությամբ 14 գործի վարույթ կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են գործը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու նաև որոշ դեպքերում քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ: Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեական գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ: Մեղադրյալներից 2-ը եղել են «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում՝ պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում 12 անձի նկատմամբ կալանավորումը փոխվել է այլ խափանման միջոցներով կամ վերացվել է։

XS
SM
MD
LG