Մատչելիության հղումներ

Լրացավ Նավալնիի ազատազրկման մեկ տարին


Այսօր լրանում է Պուտինի ամենակոշտ ընդիմախոս, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման մեկ տարին։

Անցած տարի հունվարի 17-ին Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել էր, այնուհետև դատապարտվել «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման, նրա ղեկավարած հիմնադրամը ճանաչվել է ահաբեկչական և արգելվել, թիմակիցներն ու աջակիցները կա՛մ ձերբակալվել են, կա՛մ ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից։

Քաղաքական գործչի կալանավորման տարեդարձին ընդառաջ՝ CNN Films-ը և HBO Max-ը Պուտինի ընդդիմախոսի թունավորման, Ռուսաստան նրա վերադարձի և դատապարտման մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել։ Ֆիլմի ռեժիսորը կանադացի Դենիել Ռոերն է։ Նավալնիի թիմակից՝ ֆիլմի պրոդյուսեր, Լոնդոնում բնակվող Մարիա Պևչիխը «Դոժդ» հհեռուստաընկերության եթերում նախօրեին ասել էր, թե մեծ էկրաններին կինոնկարը կհայտնվի առաջիկայում, և հույս էր հայտնել, թե ֆիլմը կօգնի ազատել Նավալնիին։

«Հուսով եմ՝ հնարավոր կլինի այս ֆիլմն օգտագործել որպես հարթակ Նավալնիի կալանավորման, նրա պատմության մասին նորից բարձրայնելու համար, ինչն էլ վերջին հաշվով թույլ կտա հասնել Նավալնիին բանտից ազատելուն», - նշել էր Պևչիխը։

Աշխարհի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, Պրահայում, երեկ անցել էին Նավալնիի ազատելու պահանջով ցույցեր Ռուսաստանի դեսպանատան առջև։ Ռուսաստանում նման ցույցերի մասին չի հայտարարվել, ընդդիմությունն ընդհանրապես դեռևս անցած տարի գարնանը հայտարարել էր, թե հետապնդումների և կոշտ ճնշումների պատճառով ժամանակավորապես դադարեցնում է փողոցային պայքարը։
Նավալնին Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին։ Ժամանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում։ 2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր և ընտանիքի ու Արևմուտքի պահանջով անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարել էր, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։ Ընդդիմադիր գործիչն իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ նախագահ Պուտինին։

Արևմուտքը բազմիցս պահանջել է Ռուսաստանի իշխանություններից առանց նախապայմանների անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն անցած տարի ֆիլմ էր նկարահանել Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, պնդելով , թե ռուսաստանցիներից գողացված գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել են աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։ Կրեմլը հերքել էր՝ վստահեցնելով, թե Պուտինը դղյակ չունի։

XS
SM
MD
LG