Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի պաշտոնում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն առաջադրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը


Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյան
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյան

Ընդդիմությունը թեկնածու չուներ։ Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում հաստատվեց միայն իշխանության չորս ձայնով։

«Ես պնդում եմ, որ ես ունեմ հեղինակություն», - հանձնաժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկեց փողոց դուրս գալ ու հարցնել, թե քանի մարդ է ճանաչում թեկնածուին, ապա ասաց. - «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում»։

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այսօր իշխանությունն առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդդիմությունը թեկնածու չուներ։ Արդարադատության փոխնախարարի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում հաստատվեց միայն իշխանության չորս ձայնով։ Ընդդիմադիրները դեմ քվեարկեցին։

Գործող օմբուդսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է գալիք փետրվարին։ Արման Թաթոյանը Փաշինյանի թիմի քննադատության թիրախում էր դեռ պատերազմից առաջ։ Պատերազմից հետո, երբ նա սկսեց ակտիվորեն ահազանգել սահմանամերձ համայնքների բնակիչների խախտված իրավունքների ու կառավարության բացթողումների մասին, իշխանականների դժգոհությունը Թաթոյանից դարձավ անթաքույց։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Թաթոյանը հակահեղափոխական դիրքերում է, իսկ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը նրա գործունեությունը որակեց ընդդիմադիր։ Եվ ահա այսօր առաջադրեցին Փաշինյանի կաբինետի պաշտոնյային։

Ի՞նչ երաշխիք, որ իշխանության թեկնածուն մարդկանց իրավունքներն անաչառ կպաշտպանի, ասաց ընդդիմադիր պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան. - «Քրիստինե Գրիգորյանը ներկայիս իշխանությունների օրոք աշխատում է որպես Արդարադատության փոխնախարար։ Որքանո՞վ մենք կարող ենք վստահ լինել, որ նա իր գործունեության մեջ կլինի անաչառ, այլ ոչ թե կողմնակալ»։

«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և գործունեության կարգը սահմանված են Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, և դրանից շեղում անթույլատրելի է», - արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Քրիստինե Գրիգորյանը, ով խոստանում է անաչառ աշխատել, ի՞նչ գնահատական կտա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին ու քայլերին։ Թեկնածուն հստակ գնահատական չտվեց գերիների մասին խոսնակի այն պնդմանը, թե նրանք դասալիքներ են։ Արդյո՞ք մինչև դատարանի որոշումը նրանց դասալիքներ համարելով Ազգային ժողովի նախագահը չի խախտել գերիների իրավունքները։

«Կան իրավական պրոցեսներ, և իրավական պրոցեսների արդյունքում է, որ պիտի տրվեն անձանց վարքագծի վերաբերյալ գնահատականներ», - արձագանքեց ՄԻՊ պաշտոնի հավակնորդը՝ նշելով, որ կոնկրետ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը չի անդրադառնալու։

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը հաջորդ տարի կլինի Ազգային ժողովի նիստում։

40-ամյա Գրիգորյանը Արդարադատության փոխնախարար է նշանակվել 2019 թվականին, 2018-ին Արարատ Միրզոյանի խորհրդական է եղել։ Մինչև այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում։

XS
SM
MD
LG