Մատչելիության հղումներ

Այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն չի ենթադրի սահմանի պաշտպանության առումով. փոխնախարար


«Մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի պաշտպանության առումով», - այսօր հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի սահմաններին առկա լարվածությունը, ռիսկային չէ՞ր արդյոք Ղազախստան զինվորներ ուղարկելու որոշումը։

«Եվ իրենք իրականացնում են, հստակ նշված է, թե ինչ գործառույթ, այսինքն` կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ… ընդդիմադիրները կարող են իրենց դիտարկումներն այդ տրամաբանությամբ ներկայացնել, բայց դրանում որևէ ռիսկային խնդիր չկա»:

Այդ որոշումը ռիսկային էր գնահատել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ մյուս ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ Հայաստանը որևէ հայ զինծառայողի չպետք է ուղարկեր Ղազախստան, բայց միևնույն ժամանակ չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն։ Խմբակցությունում մի շարք հարցեր ունեն իշխանությանը։

Պաշտպանության և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներից պահանջում են համատեղ նիստ անցկացնել ու իրենց ներկայացնել հիմնավորումները, թե ինչու իշխանությունը որոշեց Ղազախստան զորք ուղարկել։ Այս մասին այսօր հանձնաժողովի նիստին հայտարարեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Աշխատանքային ձևաչափով քննարկենք և որոշում կայացնենք, թե ինչպես է հնարավոր այս հարցի քննարկումն Ազգային ժողովում ապահովել կազմակերպելու համար»:

«Ես խոչընդոտ չեմ տեսնում», - արձագանքեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Չնայած թվացյալ փոխըմբռնմանը` իշխող և ընդդիմադիր խմբակցությունները այսօր այդպես էլ չհանդիպեցին։ Դեռ որոշում էլ չկա՝ նիստ ի վերջո տեղի կունենա, թե ոչ և երբ ու ինչ ձևաչափով։ Ավելի ուշ արդեն ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի հասկանում՝ քննարկելու ինչ կա, չէ՞ որ Ղազախստան ստորաբաժանում ուղարկելիս որևէ օրենք չի խախտվել, բայց և շեշտեց՝ կաշկանդված չեն քննարկումներից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վերահաստատեց՝ ակնկալում են, որ կոմպետենտ պաշտոնյաները այդ նիստում կներկայացեն այն փաստական հիմքերը, որոնց արդյունքում Հայաստանը որոշեց 100 հոգանոց ստորաբաժանում ուղարկել Ղազախստան։

«Համապատասխան գերատեսչությունների` Պաշտպանության նախարարություն, Անվտանգության խորհուրդ, Արտգործնախարարություն, նրանցից որոշ հարցերի պատասխաններ, որոնց մի մասը նույնիսկ չեմ էլ բարձրաձայնի, որովհետև անվտանգային բնույթի են, և ձևաչափը, և այն փաստական տվյալների հիման վրա է, որ խաղաղապահներն ուղարկվեցին, որովհետև ծանրութեթև անելու հարց կար, որովհետև բազմաթիվ գործոններ կային, որը հնարավորություն էր տալիս և ավելի շատ պարտադրում էր Հայաստանին` դեմ չլինելով խաղաղապահ առաքելությանն ընդհանրապես, մեր կողմից խաղաղապահներ չուղարկելու, վերջացրած խաղաղապահ զորախմբի կազմավորման սկզբունքները, որի մասին շատ ավելի փակագծեր չեմ կարող բացել», - ասաց պատգամավորը:

Տարեսկզբին գազի կտրուկ թանկացման ֆոնին սկսված բողոքի ակցիաները Ղազախստանում վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Ղազախստանի նախագահը անցած շաբաթ օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին։ ՀԱՊԿ-ը, որ ըստ էության, անարձագանք թողեց Հայաստանի դիմումը անցած մայիսին ադրբեջանական ներխուժման ժամանակ, օպերատիվ կերպով արձագանքեց նախագահ Տոկաևին և շուրջ 2500 խաղաղապահ ուղարկեց Ղազախստան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG