Մատչելիության հղումներ

2018-ին Փաշինյանը կասեցրել է ՊՎԾ-ի ստուգումները Պաշտպանության նախարարությունում. Դավիթ Սանասարյան 


Դավիթ Սանասարյանը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Դավիթ Սանասարյանը և Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Անցյալ ամսվա վերջին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումից ու ՊՆ-ին առնչվող աղմկահարույց քրեական գործի հարուցումից հետո Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ 2018-ին պաշտպանական գերատեսչությունում ծավալուն ստուգումներ անցկացնելն իր առաջնային նպատակներից է եղել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ կասեցրել է այդ գործընթացը։

«Կասկածներ ունեինք, որ բավականին չարաշահումները մեծ են եղել, հատկապես տենդեռների հարցով: Այդ պատճառով այն ժամանակ հենց առաջինը բանակի ֆինանսական վիճակը հասկանալու կարիք կար: Ստացել էինք Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը, և ինքն էլ խնդրել էր, որ բավականին լուրջ մոտենամ խնդրին, հետո ասաց, որ կարիք չկա այս պահին, քանի որ այլ մարմիններ այնտեղ գործողություններ են իրականացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սանասարյանը:

Սեպտեմբերի վերջին ԱԱԾ-ն հայտարարեց, որ նախկին նախարար Տոնոյանն ու ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն անցնում են առանձնապես խոշոր չափերի հափշտակության՝ շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման քրեական գործով, բանակի համար գնվել են ժամկետանց ու անպիտան հրթիռներ։ Ավելի ուշ պարզվեց, որ դեռ 2011-ին Հայաստան ներմուծված անպիտան հրթիռների մասին տեղեկությունը հայտնի է մի շարք բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որն այս գործով վկա է։

Նախկին պաշտոնյա Դավիթ Սանսարյանի կարծիքով` դեռ ուշ չէ ՊՆ-ի գնումների վերաբերյալ ընդարձակ հետազոտություններ սկսել, անձամբ իր կարծիքով` այդ դեպքում հնարավոր է ավելի մեծ չարաշահումներ բացահայտվեն. «Հաշվի առնենք, թե ինչ ծավալի ֆինանսական հոսքեր են տեղի ունեցել ՊՆ-ում, ես վստահ եմ, որ շատ-շատ բաներ կպարզվեն: Ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքներն պետք է մասնակցեմ նաև ես, այդտեղ պետք է լիքը հարցեր ուղղվեն` ոչ միայն կապված պատերազմի օրերին ինչ է տեղի ունեցել, այլ նաև պատերազմին նախորդող նյութատեխնիկական սպասարկման հետ կապված»:

Սանասարյանը շտապում է ավելացնել, որ դեռևս չկազմավորված, սակայն պլանավորվող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այնուամենյանիվ չի կարողանա ուսումնասիրություններ անել, կարող է միայն հարցեր բարձրացնել ՊՆ-ում հնարավոր այլ չարաշահումների վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը թոշակներն ու նպաստները ներառող սոցիալական պաշտպանության ոլորտից հետո բյուջեի ամենամեծ հատկացումը տրամադրում է պաշտպանությանը՝ այս տարի շուրջ 311 միլիոն դրամ։

Ո՞վ պետք է վերահսկի գնումների ու ֆինանսական խոշոր ծախսերի արդյունավետությունը ՊՆ-ում

Այս ոլորտի առանձնահատկությունից ելնելով` համակարգում գնումները թափանցիկ ու վերահսկելի չեն հանրության կողմից, քաղհասարակության ներկայացուցիչները հարց են բարձրացնում՝ իսկ ո՞վ պետք է վերահսկի գնումների ու ֆինանսական այլ խոշոր ծախսերի արդյունավետությունը ռազմական գերատեսչությունում։

«Քանի որ կառույցի կառավարողը երկրի վարչապետն է, օրենքով այդպես է սահմանված, վարչապետի ենթակա մարմին է, իր որոշելիքն էր, ու ցանկացած տեղ ուսումնասիրություն իրականացնելը երկրի վարչապետի որոշելիքն է», - շեշտեց Սանասարյանը:

ՊՎԾ-ն օրենքով անմիջապես վարչապետին ենթակա և հաշվետու մարմին է։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` եթե անգամ այնտեղ աշխատի պրոֆեսիոնալ ու մեծ անձնակազմ, միևնույն է` կառույցի գործունեությունը կախված է քաղաքական որոշումներից, ինչպես Սանասարյանի բերած օրինակում։

«Օրենքի տեսակետից հիմնավոր է, այսինքն` չես կարող ասել` հակաօրինական է, բայց ինքը սկզբունքի առումով, հաշվետվության և թափանցիկության սկզբունքին հակասում է, բայց հաշվետվության և թափանցիկության սկզբունքը կարող է երաշխավորվել օրենքով, այսինքն` պետք է ընդունվի այնպիսի օրենսդրություն, պետք է ընդունվի այնպիսի Սահմանադրություն, որ վարչապետի նման որոշումը լինի հակաօրինական: Լավ ցանկությունները չպետք է որոշիչ լինեն, այլ լավ մեխանիզմները պետք է որոշիչ լինեն», - կարծում է իրավապաշտպանը:

Երկրի անվտանգության ապահովման համար ծախսվող միջոցների վերահսկումը առանց ծավալուն գաղտնազերծումների խորհրդարանական շատ երկրներում իրականացվում է պառլամենտի կողմից, մի բան, որ երբեք չի եղել Հայաստանում. «Ուրեմն, գործող մեխանիզմներն արդյունավետ չեն, գործող մեխանիզմները չեն վերացնում կոռուպցիոն ռիսկերը, գործող մեխանիզմներն ընդհակառակը` իրենք հենց իրենց էությամբ կոռուպցիոն ռիսկերը խթանող են, կոծկող են և պահպանող են: Ո՞վ է ընդունում որոշում, թե ինչ գնել և ինչու, որովհետև եթե այդ որոշումները մասնակցային են, ապա ուրեմն դրանք ավելի արդյունավետ են, իսկ եթե դրանք մի քանի անձով են որոշվում, ապա դրանք սուբյեկտիվ են», - ասաց Սաքունցը:

«Այն մեխանիզմների մասին, որ խոսում ենք` հաշվետու և թափանցիկ կառավարման, պառլամենտական արդյունավետ վերահսկողություն, դա է երաշխիքը, որ նման հանցագործողությունները կկանխվեն, հակառակ պարագայում ժամանակ առ ժամանակ գործ ենք ունենալու առանձին այդպիսի ռիսկերի դրսևորումների հետ: Ես անձերով չեմ պայմանավորում: Քանի դեռ մեխանիզմը չկա` արդյունավետ պառլամենտական վերահսկողություն, ռիսկերը լինելու են», - համոզված է նա:

Իսկ մինչ այդ Սաքունցը պնդում է, որ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա էլ պաշտպանության ոլորտում մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, որոնց համեմատ անգամ 4 միլիոն դոլարի չարաշահումը կարող է ոչ մեծ կորուստ թվալ երկրի անվտանգության համար։

XS
SM
MD
LG