Մատչելիության հղումներ

Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը


Կյանքի 82-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Ռազմիկ Դավոյանն ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Դավոյանը եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։ 1994-1996 թթ. զբաղեցրել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահի, 1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնները:

2005-ից 2007 թվականը նա «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրենն էր, 2007-ից մինչև 2018 թվականը եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:

Բանաստեղծի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

«Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում», - նշել է վարչապետը:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր ցավակցական հեռագրում Դավոյանի մասին նշել է՝ Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի. «Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ»։

XS
SM
MD
LG