Մատչելիության հղումներ

Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» աշխատության մեջ քննվել ու ամբողջացվել է վերջին 60 տարիների հայ պոեզիան


Գրականագետ Սուրեն Աբրահամյան
Գրականագետ Սուրեն Աբրահամյան

Գրականագիտական ու գրաքննադատական խոսքը միշտ էլ կարևոր դեր է խաղացել գրականության ընթացքի արժեվորման ու գնահատման համար: Գրական շրջանակներում հաճախ են քննարկում այն փաստը, որ ժամանակակից գրականությունը պատշաճ գնահատանքի չի արժանանում գրականագետների և գրաքննադատների կողմից։ Բայց նրանցից շատերը իհարկե հետևում են գրական ընթացքին, յուրաքանչյուր տարի լույս են ընծայվում բազմաթիվ ուշագրավ գիտական աշխատություններ, մրցանակների արժանանում։

Դրանցից մեկը վերջերս հրատարակված և օրերս Գրողների միության Նիկոլ Աղբալյանի անվան գրականագիտական և գրաքննադատական անվանակարգում մրցանակի արժանացած Սուրեն Աբրահամյանի «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» խորագրով ծավալուն աշխատությունն է:

Բանասիրական գիտությունների թեկնածու, «Գրականագիտական հանդեսի» գլխավոր խմբագիրն Սուրեն Աբրահամյանն իր այս աշխատության մեջ քննության է առել վերջին 60 տարիներին ստեղծված հայ պոեզիան:

«Երկու հատորը նվիրված էր վերջին վաթսուն տարիների, այսինքն հետսևակյան՝ ներառյալ 60-ականների սերունդը, Ռազմիկ Դավոյանը, և մինչև արդի շրջանը, մինչև նոր երիտասարդների գրական շարժումը։ Իհարկե վիթխարի գրական ժառանգություն է՝ մեր գրականագիտության մեջ չամբողջացած։ Նաև նոր տեսանկյունը, որը կապված է գրականագիտական նոր փուլի հետ, նոր որոնումների հետ, նոր աշխարհայեցության, և լեզվի, և պոետիկայի հարցադրումները։ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքում փորձել եմ դա վերլուծել և ամբողջացնել»։

Սուրեն Աբրահամյանի խոսքով, առաջին հերթին, այդ հսկայական նյութն ուսումնասիրելիս խնդիր կար պարբերացման․ - «Մանավանդ հետսևակյան շրջանի։ Որովհետև եթե Սևակը 50-60-ականների ճգնաժամից հանեց մեր գրականությունը, ապա հետսևակյանի շրջանը ձևավորվում է արդեն Սևակի սահմանած սիմֆոնիզմի՝ և՛հանունի, և՛ ընդդեմի, այսինքն ռեալիզմի նախահիմքերի տեսության հիմքերի վրա։ Եվ ահա, գրական նոր սերունդը, որը եկավ, խարխսված էր հենց այս գաղափարի, այս տեսության վրա, փորձում էր որոնել նորը։ Այսինքն՝ ի՞նչ է բանաստեղծությունը, ի՞նչ է գրականությունը, ինչպիսի՞ն պետք է լինի պոեզիան․․․ Եվ ահա ձևավորվում է երկու շարժում, երկու գրական ուղղություն՝ բանաստեղծական ապոետիկ սկզբի, որը ինչ-որ առումով կապված է և Սևակի ընդդեմի գաղափարին, և իհարկե, մետաֆիզիկական բառի որոնման գաղափարը, որոնք սկզբնավորեցին Հովհաննես Գրիգորյանը՝ ապոետիկ սկիզբը, և Հենրիկ Էդոյանը՝ բառի մետաֆիզիկական որոնման գաղափարը, որը նաև 80-ականներում ունեցավ զարգացում Հակոբ Մովսեսի պոեզիայում։ Իհարկե, օժտված բանաստեղծների քանակը քիչ չէ, բայց իբրև գրական ուղղությունների սահմանում, 60-ականների սերունդը, որքան էլ սկզբից շարժումը միասնական էր, հետո արդեն 80-ականների վերջին, 90-ականներին հասնում է բախման։ Եվ բանավեճը շարունակվում է, շարունակվում է մինչև օրս։ Շարունակվում է, որովհետև գրական այդ ճանապարհը, որը գրականությունը հանում է լայն հուն, եթե կուզեք՝ համաշխարհային, եվրոպական գրականության, որը կապված է հենց Սևակի պոեզիայով, հետսևակյան նոր շրջանի ձևավորումով, որը բարեբախտաբար ձևավորվեց նոր շրջան և իսկապես ստեղծեց գրական, մշակութային, փիլիսոփայական, աշխարհայացքային նոր գրականություն։ Եվ այդ գրականությունը իսկապես ունի նշանակալից էջեր։ Այսինքն՝ այս շրջանը շատ մեծ շրջան է նաև ժառանգության առումով»։

Անդրադառնալով անկախության շրջանին՝ Աբրահամյանն ասաց․ - «Անկախությանը նախորդող շրջանում՝ արդեն 80-ականներին ձևավորման փուլում է, ամբողջացման փուլում է և 90-ականներին արդեն ձևավորվում է այդ գրական շարժումը։ Իհարկե նպաստեց անկախությունը, բայց․․․ գրականությունը ունի իր պարբերաշրջանները։ Այլ բան է, որ պատմության որոշ հատվածում մենք անվանում ենք անկախության կամ հետանկախության շրջանի գրականություն, բայց դա զուտ գեղագիտական սահմանում չէ։ Մեր գրականագիտությունը, իբրև գրական պրոցես, իր ներքին զարգացման հունով և ներքին վերափոխման հունով նաև կապված է 80-ականներ հետ, երբ դեռ անկախությունը չկար»։

XS
SM
MD
LG