Մատչելիության հղումներ

Իշխանությունները ընդհանուր առմամբ Արցախի հարցով չեն զբաղվում. Սեյրան Օհանյան


«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով` խորհրդարանական գործունեության ընթացքում ինչ-որ բաների հասել են, ինչ-որ բաների` ոչ:

«Չհասանք նրան, որ այս պետությունն ունենա անվտանգության ձևավորման հայեցակարգ, սահմանային իրավիճակի կարգավորման արագ միջոցառումներ», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում ասաց նա:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը` տեսանյութում.

«Ազատություն». - Պարոն Օհանյան, «Հայաստան» խմբակցությունը, ստանալով քվեների ավելի քան 21 տոկոսը, խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է: Իբրև ընդդիմադիր խմբակցություն` ձեր գործունեության ընթացքում շատ եք քննադատել իշխանություններին ձախողումների համար` թե՛ սահմաններին, թե՛ գերիների հարցում, թե՛ արտաքին քաղաքական բնագավառում թերացումների համար: Բայց, բացի քննադատություններից, ինչպիսի՞ խորհրդարանական գործունեություն եք ծավալել:

Սեյրան Օհանյան. - …Մեր գործունեությունն ուղղված է եղել երկու ուղղություններով` առաջինը օրենսդիր գործունեություն, երկրորդը` խորհրդարանական վերահսկողության իրականացում: Օրենսդիր գործունեության ընթացքում մեզ` որպես ընդդիմադիր ուժ, հաջողվել է հավասարակշռման, զսպման, կանխարգելման և օրենսդիր գործունեությունն իրականացնելու ուղղությամբ քննարկումների մշակույթ ձևավորել, որովհետև առանց մեզ նաև հաշվի առնելով այն, որ նույնիսկ երբ մենք բոյկոտել էինք, այդ բոյկոտելու ժամանակ բոլոր հարցերը սղղացնելով անցել են, և նույնիսկ հարցուպատասխանը տևել էր 57 րոպե: Այնինչ, մեր ներկայության պայմաններում այն երկու ժամից ավելի էր տևում:

Օրենսդիր գործունեության ընթացքում մենք քննարկել և ներկայացրել ենք այն առաջարկությունները ամենակարևոր խնդիրների շուրջ, օրինակ` կառավարության զարգացման հեռանկարային ծրագրի, տարվա բյուջեի հետ կապված և ամենակարևորը` սահմանադրական մի քանի նախաձեռնություններ ենք իրականացրել, որոնք իրենց հաջողությունը բերել են: Օրինակ` մեկը կապված պատգամավորի անձեռնմխելիության հետ, երբ ամիսներ ի վեր մեր գործընկերները անազատության մեջ էին, և շուրջ մեկ շաբաթ առաջ մեր գործընկերները հայտնվեցին ազատության մեջ: Եվ դա վերաբերում էր ոչ միայն անձեռնմխելիությանը, այլև այն խնդրին, որը պատգամավորական միջխորհրդարանական գործունեությանն է վերաբերում: Հենց այդ հարցում մենք հաջողության չհասանք, որովհետև մեր խմբակցության պատգամավորների մի մասի արտասահման դուրս գալու թույլտվությունը փակ է, ընդ որում իմը…

Եվ ինչի մենք չհասանք, ամենակարևորը` այս իրավիճակում մենք չկարողացանք այսօրվա իշխանություններից, կառավարությունից ստանալ գնահատական ռազմաքաղաքական իրավիճակի, նաև սահմանային իրավիճակի սրման ժամանակահատվածում մեր կողմից ձեռնարկված արտահերթ, հրատապ, նաև այլ լսումների շրջականերում չներկայացան քաղաքական ուժեր, որ պատշաճ մակարդակի ներկայացնեն իրադրությունը:

Չհասանք Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծման, հետևանքներն այսօր էլ երևում են, որ այսօրվա իշխանությունները ընդհանուր առմամբ Արցախի հարցով չեն զբաղվում, և կառավարության ղեկավարի վերջին ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ երևաց, որ նա էլ այն մտքին է, որ Արցախը հայկական չի եղել և այսօր էլ հայկական չի լինելու:

Այնինչ, ինքը չի տիրապետում բանակցային գործընթացին, և այսօր էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում` հասնելու դրան:

Մենք նաև տարբեր միջոցառումների ժամանակ չհասանք նրան, որ այս պետությունն ունենա անվտանգության ձևավորման հայեցակարգ, սահմանային իրավիճակի կարգավորման արագ միջոցառումներ, գերիների, անհետ կորածների, պատանդների հետ կապված հանձնաժողով նույնիսկ գոյություն չունի: Կարծում եմ, որ այն, ինչ վերջում ես ասացի, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում է:

XS
SM
MD
LG