Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարությունները հարուցել են պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների վրդովմունքը


Պատերազմից հետո Հայաստանում ապաստանած արցախցիները դարձյալ բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց։

Վերջին ասուլիսում Հայաստանի վարչապետի հնչեցրած մտքերը հարուցել են պատերազմի հետևանքով տուն-տեղ կորցրած արցախցիների վրդովմունքը։ Այդ հայտարարություններին նախօրեին անդրադարձել էին Արցախի թե՛ օրենսդիրները, թե՛ նախագահը՝ «անթույլատրելի համարելով Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն», նաև հայտարարել էին, որ մերժում են ադրբեջանցիների վերադարձի մասին Փաշինյանի պնդումները։

«Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, հասկանո՞ւմ եք։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եթե նկատի ունեք, ունենալու էր և' հայկական, և' ադրբեջանական բնակչություն», - ասել էր վարչապետը։

«Դժբախտությունների դժբախտությունն է, որ մեր երկրի ղեկավարը իրա քույրերին, եղբայրներին, իրա հայրենիքի մի մասը անվանում է ադրբեջանական», - «Ազատությանն» ասաց շուշեցի Նունե Բալայանը։

Ուրբաթօրյա ասուլիսում մեկնաբանելով 2016-ի բանակցային առաջարկները՝ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի ճշգրտման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր տեղափոխվելու, ու այդ դեպքում անխուսափելի էր Ղարաբաղը ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Նույն իրավիճակը, ըստ նրա, 2018-ին էր, երբ ինքը ստանձնեց պաշտոնը։

«Փաստացի ուզում են սպանել արցախյան հարցը, չեն հարցնում Արցախի բնակչությանը՝ ինչ եք ուզում, ինչ չեք ուզում։ Երկրորդ տարին է լրանում, մենք գտնվում ենք էստեղ, փոխանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր կողմից դիմի Միացյալ ազգերի կազմակերպությանը, ասի՝ բա գիտեք, 20 հազարի չափ փախստական ունեմ իմ երկրում, իմ ուժը չի պատում էդ փախստականների հարցը լուծեմ։ Այսինքն՝ հարցին չի տալիս միջազգայնացում», - ասաց Շուշիից տեղահանված Աշոտ Հարությունյանը։

«Հարիք չէր Շուշին դառավ դժբախտ, դժգույն, ոչ հայկական քաղաք, հիմա էլ Արցախն ա ադրբեջանական, ինչ ասեմ...», - հավելեց նրա բախտակիցներից Աիդա Ավանեսյանը։

Շուշեցի Ավանեսյանը միայնակ վարձով ապրում է Մասիսում, այսօր թեև վատառողջ էր, բայց եկել էր իր վրդովմունքն արտահայտելու։

Հադրութից, Քաշաթաղից, Շուշիից տեղահանվածներն այսօր կառավարության շենքի մոտ հերթական անգամ բարձրաձայնում էին, թե սոցիալական ինչ ծանր վիճակում են հայտնվել։

«Սեփական հողի վրա պանդուխտ ենք դարձել, դռնեդուռ ենք ընկել», - ասաց 59-ամյա մի ուսուցչուհի։ Նա անցած տարվա հոկտեմբերից է Հայաստանում։ Արցախում նաև խոհարարությամբ է զբաղվել, բայց Մասիսում մինչև հիմա աշխատանք չի գտել. - «Կարող եմ աշխատել, բայց ինձ աշխատանքի չեն վերցնում, որովհետև հասակս 35 տարեկանից բարձր ա»։

Պետության աջակցությունն այժմ 25 հազար դրամ է, անչափահասների համար՝ 50 հազար։ Այս գումարով ինչպե՞ս է հնարավոր տան վարձը վճարել, ապրելու ծախսերը հոգալ, հարցնում են արցախցիները։

«Ձմեռվա էս ցրտին փախստականի վիճակը ո՞նց պիտի լինի։ Իհարկե սարսափելի. Ո'չ ջեռուցումն ենք կարողանում հասցնել, ո՛չ սնունդը... ծայրահեղ սուղ վիճակ է», - ասաց Նունե Բալայանը։

«Եթե կառավարման համակարգում նստել ես, ուրեմն պետք է քո ժողովրդի հոգսը քաշես։ Կամ էլ վեր կենաս ասես՝ այ ժողովուրդ, ես չեմ կարողանում ձեր հոգսը քաշեմ, ես հրաժարվում եմ այս իշխանությունից։ Մի այնպիսի մարդ բերեք դրեք, որ կարողանա ժողովրդի հոգսը քաշել», - ասաց Աշոտ Հարությունյանը։

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով, Երևանում և մարզերում այս պահին ավելի քան 20 հազար արցախցի է ապրում։

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետի հետ են ցանկանում հանդիպել, նրանք նամակներ հանձնեցին կառավարությանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ դրանցում նշելով, որ իրենց վիճակը օր-օրի ծանրանում է, նաև բարձրացնելով իրենց փախստական կարգավիճակ տալու հարցը։

XS
SM
MD
LG