Մատչելիության հղումներ

Մոսկովյան դատարանի վճռով լուծարվում է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը


Գերագույն դատարանի որոշումը կբողոքարկվի վերաքննիչ ատյանում։ «Մեմորիալը» խոստացել է, որ կգտնի «օրինական ճանապարհ» իր աշխատանքը Ռուսաստանում շարունակելու համար։

Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է Մոսկվայի դատախազության պահանջն ու լուծարել Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Մեմորիալը», որը ստեղծվել էր Խորհրդային Միության փլուզումից առաջ Նոբելյան մրցանակակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի աջակցությամբ։

Անցած դարի 80-ականների վերջին «Մեմորիալի» մասնաճյուղեր էին բացվել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։ «Մեմորիալի» հետ համագործակցում էին հայտնի իրավապաշտպաններ, օրինակ՝ Չեչնիայում սսպանված հայտնի իրավապաշտպան Նատալյա Էստեմիրովան, ով սերտորեն աշխատել էր ավելի վաղ սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հետ։

2006 թվականին Պոլիտկովսկայայի սպանությունից հետո Նատալյա Էստեմիրովան «Մեմորիալի» ստորագրությամբ սկսեց «Նովայա գազետա»-ում նյութեր հրապարակել Չեչնիայի մասին։ Էստեմիրովան սպանվել է 2009 թվականի ամռանը. առավոտյան նրան առևանգել են Գրոզնիում, իսկ նույն օրը երեկոյան Ինգուշեթիայիում հայտնաբերվել է նրա դին։

Նաև «Մեմորիալի» շնորհիվ է, որ Ռուսաստանում հաճախ բեադրում էին և մինչ օրս էլ բեմադրում են ներկայացումներ ստալինյան ռեպրեսիաների, Գուլագի մասին, «Մեմորիալի» նյութերի հիման վրա նկարահանվում էին գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ստալինյան տարիների միլիոնավոր զոհերի մասին։

Միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ունեցող այս կառույցը ուսումնասիրում ու պայքարում էր քաղաքական բռնաճնշումների դեմ՝ ստալինյան ժամանակներից մինչև մեր օրեր։ 2014 ին, սակայն, պուտինյան Ռուսաստանում այն ճանաչվել էր որպես «օտարերկրյա գործակալ»։

Երեկ դատարանում ներկայացելով լուծարման պահանջը դատախազ Ալեքսեյ Ժաֆյարովն ասել է, թե «Մեմորիալը» շահարկում է 20-րդ դարի քաղաքական ռեպրեսիաների թեման, կեղծում է Խորհրդային Միության կերպարը՝ ներկայացնելով այն որպես ահաբեկչական պետություն, ու սևացնում Երկրորդ աշխարահամարտի հիշատակը։

Կազմակերպությունն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի Գերագույն դատարանի որոշումը վերաքննիչ ատյանում, ինչպես նաև կգտնի «օրինական ճանապարհ» իր աշխատանքը Ռուսաստանում շարունակելու համար։ Երեկ ոստիկանությունը Մոսկվայում բերման է ենթարկել առնվազն յոթ մարդու, որոնք բողոքի ցույցի էին դուրս եկել Գերագույն դատարանի որոշման դեմ։

Դատարանի որոշման դեմ բողոքող ռուսաստանցիները ասում են, թե իշխանությունները փորձում են վերջ տալ երկրում ցանկացած ազատության։

«Նրանք մեզ հիմարի տեղ են դրել, կարծում են, թե մենք ամեն ինչ լուռ կընդունենք։ Ինձ թվում է, թե Մեծ չարիքը պարզապես ուզում է խլել մեր ազատությունը։ Ինձ համար սա ողբերգություն է, որովհետև ես տեսնում եմ, որ պետությունը գնում է բելառուսական սցենարով», - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Երեկ երեկոյան պիկետներ են կազմակերպվել նաև Սանկտ Պետերբուրգում։

Թեև դատարանի մոտ, որտեղ երեկ վճռվում էր «Մեմորիալի» ճակատագիրը, ընդամենը մի քանի մարդ էր հավաքվել, սակայն որոշումը շատերն են դատապարտել, հիմնականում համացանցում։ Օգտատերերը սոցիալական ցանցերում գրում են, որ պուտինյան Ռուսաստանը կամաց-կամաց վերածվում է ստալինյանի Ռուսաստանի։

Հայտնի պատմաբան Տամարա Էյդելմանը նկատում է․ - «Իշխանությունների գերնպատակը երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, երբ բնակչությունը զրկված կլինի կամքից և լուռ ու հանգիստ կընդունի իշխանությունների ցանկացած որոշում։ Եթե երկրում չկա պատմական հիշողություն, մարդկանց հետ կարելի է անել ամեն ինչ։ Նրանք վերածվում են զոմբիների, նրանց կարելի է ուղղորդել։ Եվ երկրորդը, այսօր երկիրը ղեկավարում են հատուկ ծառայությունները, նրանք իրենց համարում են սովետական Էն-Կա-Վե-Դե-ի ժառանգորդներ։ Նրանց համար չկան մարդիկ, կա պետույթուն, և ցանկացած մարդ, ով քննադատում է պետությունը, պետք է հայտնվի կալանավայրերում, ինչպես սովետական տարիներին»։

Արևմուտքը դատապարտում է «Մեմորիալի» լուծարումը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտում է «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը փակելու Ռուսաստանի դատարանի որոշումը։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հալածանքները անկախ ձայների և իրավապաշտպանների նկատմամբ», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Լեհաստանը, Չեխիան, Ֆրանսիան և Եվրոպական խորհուրդը նույնպես վրդովմունք են հայտնել ռուսաստանյան դատարանի այս որոշման առնչությամբ:

XS
SM
MD
LG