Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ն հայտնում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտության մասին` միջինը 4.7 դրամ/կՎտժ-ով


Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն է առաջացել` միջինը 4.7 դրամ/կՎտժ-ով, տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Առաջարկվում է սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ-ով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամով, իսկ մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով։

Հանձնաժողովը շեշտում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում հաջորդ փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ։

Դեկտեմբերի 23-ին հանձնաժողովում տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի` սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Էլ.էներգիայի սակագինը փոփոխվել էր նախորդ փետրվարի 1-ին բնակչության 10 տոկոսի համար։ Այսպես.

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 36.48 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 32.48 դրամ/կՎտժ,

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ,

3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ,

4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար` ցերեկային սակագին` 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 37.98 դրամ/կՎտժ`,

5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար, ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար գործում էր և գործում է հետևյալ սակագինը` ցերեկային 29.99 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 19.99 դրամ/կՎտժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG