Մատչելիության հղումներ

«Գազպրոմը» Հայաստանի համար նախատեսված գազը միառժամանակ կփոխադրի Ադրբեջանի տարածքով


«Գազպրոմ» ռուսական ընկերության կենտրոնակայանի մուտքը, Մոսկվա, արխիվ
«Գազպրոմ» ռուսական ընկերության կենտրոնակայանի մուտքը, Մոսկվա, արխիվ

«Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը և «Սոկար» Ադրբեջանի նավթարդյունահանող պետական ընկերությունը երեկ կնքել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճատև պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունը:

«Գազպրոմ էքսպորտի» պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ պատճառը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգումն է: Այս գազատարը իրար է կապում Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը։

Ստորագրված փաստաթղթի համաձայն, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովաս» գազատարի վերանորոգման կապակցությամբ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կփոխադրվի Հայաստան:

«Ենթադրվում է, որ այդ աշխատանքը կտևի երեք շաբաթ, դրանից հետո ռուսական գազը Հայաստան կհասնի հին տարբերակով՝ Ռուսաստանից Վրաստան»,- ասել է «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչը:

Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ դա գնահատել են որպես «Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում»: Մինչդեռ, բնական վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվելու:

«Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Իբրահիմ Ահմեդովը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով՝ համապատասխան տարանցիկ վճարով, մարտի 17-ին կփոխադրվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան: Ահմեդովը հրաժարվել է հայտնել տարանցիկ վճարի չափը:

2020 թվականին «Գազպրոմը» Հայաստան է փոխադրել 2 միլիարդ 209 միլիոն խորանարդ մետր բնական վառելիք: 2021 թվականի հունվարին մատակարարման ծավալը 9 տոկոսով ավելացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG