Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է` Երևանի և Անկարայի բանագնացները շուտով կհանդիպեն, ընդդիմադիրները մտահոգություններ են հնչեցնում


Երևանը ժամկետների մասին ոչինչ չի հստակեցնում

Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը շուտով կհանդիպեն, այս մասին հայտարարում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Պաշտոնական Երևանը, սակայն, չի հստակեցնում՝ հանդիպման ժամկետն արդեն պարզ է, թե ոչ։ Արտգործնախարարության խոսնակն «Ազատությանը» հայտնեց, որ «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների մասին պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»։

Ընդհանուր առմամբ հայ-թուրքական երկխոսության գործընթացի մասին հայկական կողմը բանագնացի նշանակումից բացի, այլ տեղեկություն չի հայտնել, Ռուբեն Ռուբինյանն էլ այսօր հրաժարվել է զրուցել «Ազատության» թղթակցի հետ Ազգային ժողովում։

«Ազատությունը» հարցում է ուղարկել ԱԳՆ-ին՝ հետաքրքրվելով, թե ինչ օրակարգով է Հայաստանը սկսում երկխոսություն, ինչպես է արձագանքում Անկարայի՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Սյունիքով անցնող միջանցքին կապելու փորձերին և այլն։ Պատասխան առայժմ չենք ստացել։

Մինչ այդ վերջին օրերին գործընթացի մասին շարունակ տեղեկություններ է հրապարակում պաշտոնական Անկարան։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Չավուշօղլուն ընդգծել է՝ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը Անկարան շարունակում է քննարկել և համատեղ որոշումներ կայացնել Բաքվի հետ։

Խորհրդարանական ընդդիմությունը մի շարք մտահոգությունների ունի գործընթացի շուրջ

Մինչ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» սակավախոս է գործընթացի մասին, խորհրդարանական ընդդիմադիրները մտահոգություններ ունեն։ Ըստ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ «3+3» ձևաչափն առաջին հերթին բխում է թուրքական շահերից։

«Որովհետև անցնող 25 տարիներին արցախյան բանակցությունների ընթացքում որևէ պահ Թուրքիան չի կարողացել մասնակցություն ունենալ բանակցային պրոցեսին, և երբ որ հետահայաց ենք նայում, ցանկացած փորձ թուրքական կողմից միշտ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական հակազդեցությանն է արժանացել: Այս իշխանության քաղաքականության հետևանքով Թուրքիան դարձել է լիարժեք մասնակիցն այդ բանակցային պրոցեսին, լիարժեք խոսք ասողը», - նշեց Մանուկյանը:

Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը նախկինում հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել «3+3» ձևաչափին, եթե այնտեղ չի քննարկվելու որևէ հարց, որով զբաղվող հարթակ արդեն գոյություն ունի, ինչպես ղարբաղյան հարցի պարագայում Մինսկի խումբն է:

«Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանին այս դեպքում հետաքրքրում է, թե ինչ պիտի քննարկվի «3+3» ձևաչափում. «Դելիմիտիացիա-դեմարկացիան այլ ֆորմատ է, ապաշրջափակումն այլ ֆորմատ է, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն այլ ֆորմատ է, «3+3»-ի ֆորմատում հայկական կողմն ի՞նչ օրակարգով է գնում: Դրա մասին որևէ մեկը խոսո՞ւմ է, վստահաբար, ոչ»:

Վերադառնալով հայ-թուրքական երկխոսության թեմային՝ պատգամավորը դժվարանում է ընդդիմության անունից տեսակետ հնչեցնել գործընթացի մասին, քանի որ կառավարությունը բաց չի խոսում. «Որպեսզի հասկանանք` հայ-թուրքական հարաբերություններով մենք ինչ կարող ենք ասել որպես ընդդիմություն, մենք պետք է հասկանանք, թե ընդհանրապես սեղանին ինչ է դրված: Իսկ եթե մենք չենք հասկանում, մենք` որպես ընդդիմություն կարող ենք ասել, թե որոնք են մեր կարմիր գծերը, որոնք են անթույլատրելի նախապայմանները: Որքան էլ այսօր ասեն, որ մեր առջև նախապայմաններ դրված չեն, Թուրքիան երբեք չի թաքցրել նախապայմանների մասին իրենց պատկերացումները. «Զանգեզուրի միջանցքի» մասին նո՞ր են իրենք հայտարարել»:

Կկարողանա՞ արդյոք մոտ մեկ տարի փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած 31-ամյա Ռուբինյանը պատշաճ ներկայացնել Հայաստանի շահերը բանակցություններում. ըստ ընդդիմադիրների` այս հարցում հանրության շրջանում մտահոգություն կա, հատկապես որովհետև թուրքական կողմը բանագնաց է նշանակել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին, որն իր որոլտում աշխատանքային գրեթե 4 տասնամյակի փորձ ունի և թուրքական արտաքին գերատեսչությունում է 1984 թվականից։

2014-2021 թվականներին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան աշխատած տարիներին Քըլըչն աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված իր հետևողական աշխատանքով՝ նամակներ հասցեագրելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ու Կոնգրեսի պալատներին, իսկ այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կողմից «Ցեղասպանություն» բառի կիրառումից հետո էլ նա Բայդենի հանդեպ քննադատական հայտարարություններով է հանդես եկել։

Ապրիլի 24-ին բազմաթիվ թվիթերյան գրառումներից մեկում նա հրապարակել էր թուրք դիվանագետների անուններ, որոնք, ըստ Քըլըչի «սպանվել են հայ ահաբեկիչների կողմից»։ «Սա կոնկրետ փաստ է, ոչ թե առասպել, ինչպես, այսպես կոչված, ցեղասպանությունը», - գրել էր Քըլըչը։

Պետք չի վախենալ այդ երկխոսությունից. քաղաքագետ

Թուրքիայի հետ երկխոսել չի նշանակում կատարել այն բոլոր պահանջները, որ Հայաստանի առջև կդնի Անկարան, նկատում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը. «Երկխոսությունը հենց նրա համար է, որ մենք ներկայացնենք մեր տեսակետները, իրենք` իրենց տեսակետները: Որը մեզ համար անընդունելի լինի, մենք պարզապես դրանք չենք ընդունի, և պետք չի վախենալ ընդհանրապես, կարծում եմ, այդ երկխոսությունից: Այլ հարց է, որ այո, միջազգային ասպարեզում կլինեն նաև դրա հակառակորդներ, դրա խոչընդոտելու փորձ անողներ, որովհետև այնպես չի, որ բոլորը պիտի հիացած լինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գոնե ինչ-որ կարգավորմամբ կամ այդպիսի հեռանկարներով: Դա էլ պետք է հաշվի առնենք»:

Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայ-թուրքական հարբերությունների կարգավորման համատեքստում նաև հայտարարել է` Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ Բանն այն է, որ 2020 թվականի սեպտեմբերից Թուրքիան առանց որևէ հիմնավորման օդային տարածքը փաստացի փակել է Հայաստանում գրանցված օդանավերի առջև։ Սակայն այս արգելքը Թուրքիան կիրառել է փաստացի և ոչ հատուկ հայտարարություն կամ այսպես կոչված` աէրոնավիգացիոն տեղեկություն հրապարակելով, ինչպես պահանջում է կարգը։

Դեռ անցյալ տարի «Ազատությունը» հարցում էր արել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, թե ինչու այդ դեպքում Հայաստանը հայելային արգելք չի դրել և սահմանափակել թուրքական գրանցումով օդանավերի մուտքը Հայաստանի օդային տարածք։ Ի պատասխան նշել էին, որ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան արգելում է գնալ նման քայլի, իսկ Անկարան փաստորեն խախտել է նույն կոնվենցիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG