Մատչելիության հղումներ

Եվրամիության միջնորդությամբ տասը գերի է վերադարձել Հայաստան. հայտնի են նրանց անունները


Տասը հայ գերի է Ադրբեջանից վերադարձվել Հայաստան Եվրամիության միջնորդությամբ: Այս մասին այսօր նախ հայտնեց Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովը` հավելելով, որ նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ավելի ուշ հրապարակեց նրանց տվյալները:

Եվրամիությունը` ի դեմս Եվոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը` նշելով, որ սա կարևոր մարդասիրական քայլ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես և քննարկվել է Բրյուսելում:

Երևանում նրանց դիմավորելու լուսանկարներն է հրապարակել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա նաև գրել է` ուրախ է, որ կարողացավ հայրենադարձել տասը հայ զինծառայողի:

Միության հատուկ ներկայացուցիչն այս քայլը Ադրբեջանի կողմից «կարևոր ժեստ» է որակել հումանիտար խնդիրների լուծման գործընթացում` հավելելով, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ` կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկրների առաջնորդների հետ:

Գերիների վերադարձին նախորդել էր Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը, Միշելը նաև մի պահ մենակ էր թողել Փաշինյանին ու Ալիևին, և նրանք արդեն առանձնազրույց էին ունեցել: Այս, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպումից հետո որպես ձեռք բերված արդյունք արդեն Երևանում Փաշինյանը հայտնեց, որ վերջապես հստակեցվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։

Նոյեմբերի16-ին, հիշեցնենք, արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Սյունիքի Իշխանասարի հատվածում տեղի ունեցած այդ մարտերի հետևանքով գերեվարված հայ զինծառայողների թիվը 32 է, այս ոչ պաշտոնապես ճշտված տվյալը ներկայացրել էր Հայաստանի ղեկավարը: Ավելի վաղ ևս տասնմեկ հոգի էր վերադարձվել Հայաստան, որոնցից 4-ը կալանավորվել են, ըստ Քննչական կոմիտեի, սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր՝ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ։

Գերիների վերաբերյալ հայաստանյան իրադարձությունները մեկնաբանել էր նաև Ադրբեջանի նախագահը` շեշտելով, թե նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում:

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG