Մատչելիության հղումներ

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին, հնարավոր է՝ խոշտանգեն». Ալիևը՝ գերիների մասին


Ալիևը մտավախություն է հայտնում, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում:

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը El Pais իսպանական թերթի հետ զրույցում։

Ադրբեջանի առաջնորդը պնդել է, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան հարյուր զինվորականների, որոնք Ալիևի խոսքերով հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։

«Այստեղ որևէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները եւ հայերը գիտեն այդ մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, և մեր բժիշկները խնամել են նրան, նրան վիրահատել են, եւ հենց նա ապաքինվել է, մենք նրան վերադարձրել ենք», - պատմել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով, - «Այդ խմբի ևս տասը անդամներ Երևան են վերադարձվել և նրանցից շատերը ձերբակալվել են Երևանում»։

Ալիևը նշել է, որ հայաստանցի զինվորականները, որոնք հանցագործություն են իրականացրել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ կանգնել են դատարանի առաջ և դատապարտվել. - «Այսպիսով, որևէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար»։

Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 4-ը կալանավորվել են՝ նոյեմբերի 16-ին, Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար: Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 16-ին արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին։ Հայկական կողմը հաղորդել էր 6 զոհի և ավելի քան երեք տասնյակ գերեվարվածների մասին։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել էր իր կողմից 7 զոհի և 10 վիրավորի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ոչ հրապարակային խոսքում ընդգծել էր՝ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել ու հայտնվել են գերության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG