Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. Ցավում եմ, որ Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ և ակներև աջակցություն չհայտնեց ՔՊ-ին


Ներկայում քննարկումներ են գնում, և որևէ որոշումներ կայացած չեն, մի բան կարող եմ ասել` ես խորհրդարան չեմ գնալու, գործադիրում եմ մնալու, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` մյուս կուսակիցների ապագա պաշտոնավարումների հետ կապված քննարկումները դեռ ընթանում են: Հարությունյանն անդրադարձավ նաև լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Կուսակցությունում որոշակի տեսակետ, կարծիք կա՞ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին: Ասում են, որ դժգոհ եք նրա աշխատանքից, որ պատրաստվում են Տիգրան Ավինյանին...

Արայիկ Հարությունյան - Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն:

Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել:

«Ազատություն» - Այսինքն` հստակ վերաբերմունք է ձևավորվել:

Արայիկ Հարությունյան - Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը:

XS
SM
MD
LG