Մատչելիության հղումներ

Իրավապահներն ուսումնասիրում են ապօրինի շինարարություններին առնչվող Հայկ Մարությանի հայտարարությունը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արխիվ

Իրավապահներն ուսումնասիրում են ապօրինի շինարարություններին առնչվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա հայտարարությունը, թե Աջափնյակում կազմակերպված «բանդա է գործում»։

Գլխավոր դատախազությունից ասացին, որ գործն ուղարկվել է Մաշտոցի բաժին, ոստիկանությունում էլ նյութեր են նախապատրաստվում։

Հայկ Մարությանը երեկ ավագանու նիստին հայտարարեց՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, երբ ոստիկանները զբաղված են եղել հասարակական կարգի ուժեղացված հսկողությամբ՝ հատկապես ընտրական տեղամասերի մոտ, կեսգիշերին, աջափնյակում ապօրինի կրպակներ են տեղադրվել։ Ըստ Մարությանի՝ իրենց 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չի հաջողվել կանխել կրպակի տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել են մահակներով զինված և ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձ։ Իրավապահներին դիմել է վարչական շրջանի ղեկավարը։

«Այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ուղղակի ինչ-որ մարդիկ չեն», - Հայտարարեց Մարությանը։

Երեկ գիշերն արդեն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, Աջափնյակի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում մի քանի կրպակներ են քանդվել։ Վերջին 6 ամիսներին, ըստ քաղաքապետարանի, միայն աջափնյակում 34 ապօրինի կրպակ է ապամոնտաժվել։ Բայց այդպիսիք միայն աջափնյակում չեն կառուցվել, այլ՝ ամբողջ քաղաքում։ Ապօրինի կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ և Նոր նորք վարչական շրջանում։

Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է՝ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու: Ավագանու երեկվա նիստում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից Գայանե Եղիազարյանը, դիմելով քաղաքապետին, ասաց՝ ապօրինի կրպակների մասին «շատ ենք խոսել, բայց միշտ լսել ենք պատասխան օրենքի բացի մասին»։

«Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, օրենքից դուրս ինքը չի ուզում ոչինչ անել, այսինքն չկա օրենքում մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողերը, վախենում ենք դատվելուց։ Ի՞նչ է նշանակում վախենում են դատվելուց, ինչի՞ համար են իրենք վարչական շրջանի ղեկավարներ, եթե իրենք պետք է չպաշտպանեն համայնքի հողը», - ասաց Եղիազարյանը։

Հայկ Մարությանն, արձագանքելով ավագանու անդամի մտահոգությանն, ասաց՝ դեռ 2019-ին իրենք դիմել են կառավարություն, որ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեն, որպեսզի բացառվի հանրային տարածքներում ապօրինի շինարարությունը և կրպակ տեղադրելը։ Իսկ այսօր օրենքում, ըստ քաղաքապետի, կետեր կան, որոնք թույլ են տալիս, որ սեփականատերը քաղաքի ցանկացած վայրում, օրինակ, կրպակ տեղադրի, հետո դիմի քաղաքապետարան, որ այդ ինքնակամ կառույցն օրինականացվի։

«Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել, ես չգիտեմ պատճառները, պատճառները կարող եք հարցնել ձեր գործընկերներին։ Այսինքն՝ եթե ուզում եք, որ մեր վարչական շրջանի ղեկավարները գործեն օրենքից դուրս, չի լինելու այդպես, որովհետև մենք ունենք դեպքեր, որ քրեական գործ է հարուցված», - ընդգծեց Մարությանը։

Ինչո՞ւ երկու տարվա ընթացքում կառավարությունն ընթացք չի տվել քաղաքային իշխանության առաջարկած փոփոխությանը, կառավարության լրատվականից ասացին՝ մեր գրավոր հարցմանը կպատասխանեն մի քանի օրից։ Իսկ մինչև այդ, Երևանի քաղաքապետի խոսքով, իրենք կետ առ կետ նկարագրել են, թե ինչ սխեմայով է գործում «այդ բանդան»։

«Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Մի հատ մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անելու ենք, բայց մենք ամենազոր չենք։ Ես ասում եմ՝ նաև կյանքին վտանգ է սպառնում մեր աշխատակիցների։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական է, որ այնտեղ մարդասպանություն տեղի ունենար, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, 7-8 մեր աշխատակից և 3 ոստիկան ուղղակի հարձակվել են իրենց վրա», - ներկայացրեց Մարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG