Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ. Էդուարդ Աղաջանյան


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը վստահ է, որ այս իրավիճակում նման գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի շահերից։

Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, պնդում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը, թե Երևանն ու Անկարան հատուկ բանագնացներ են նշանակելու հարաբերությունների կարգավորման համար՝ իշխանական պատգամավորը շեշտեց, որ գործընթացն առանց նախապայմանների պետք է լինի. - «Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ»։

Երեկ հայտարարելով դիվանագիտական հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին՝ Չավուշօղլուն չէր մանրամասնել, թե կոնկրետ երբ են Երևանն ու Անկարան սկսելու այդ ուղղությամբ։ Հստակ չէ նաև, թե ինչ քաղաքական զարգացման արդյունքում է նման հայտարարություն հնչում։

Աղաջանյանն այս հարցերին ի պատասխան միայն ասաց, որ Մոսկվայում անցած շաբաթավերջին 3+2-ի շրջանակում առանձին հայ-թուրքական հարաբերությունների հարց չի քննարկվել. - «Բացատրությունն առ այն, թե ինչու է հենց այս պահին այդ հայտարարությունը հնչել... այդտեղ պետք չէ փնտրել դավադրություն։ Սա գործընթաց է, որ սկսվել է ինչ-որ պահի, եղել է ընթացքում, և ինչ-որ պահի դրությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել», - արձագանցեց Աղաջանյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և 3+2 ձևաչափը անկախ գործընթացներ են։

Այդ դեպքում որտե՞ղ են եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ի՞նչ ձևաչափով ու միջոցով՝ արտգործնախարարությունը չի հստակեցնում։

Իշխող ուժի պատգամավորն էլ չի հայտնում, ասում է, որ տեղյակ չէ. - «Անկեղծ ասած, չգիտեմ Անկարայից Հայաստան ժամանել է արդյոք որևէ մեկը, կամ Հայաստանից Անկարա, կամ թե արդյոք այդ քննարկումները տեղի են ունեցել հեռախոսակապով... տեղյակ չեմ»։

Առայժմ պաշտոնական Երևանը միայն հայտարարել է, որ դրական է գնահատում սկսված գործընթացը և հաստատում, որ հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Թե արդյոք արդեն կան թեկնածուներ, դեռ հայտնի չէ։

Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Քաղաքացիական պայմանագրից» հետո խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունում՝ ընդդիմադիր «Հայաստան»-ում բացասաբար են արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող գործընթացին։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահ է, որ այս իրավիճակում դա չի բխում Հայաստանի շահերից։ Ավելին, այժմ հարաբերությունների կարգավորումը, ըստ դաշնակցական պատգամավորի, նշանակում է տեղի տալ թուրքական նախապայմաններին և հրաժարվել Ղարաբաղի հարցից ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

«Շատ ակնհայտ է չէ՞, որ Թուրքիան, Ադրբեջանը էսօր թուլացած Հայաստանից և կամա թե ակամա իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Թուրիքայից հնչող առաջարկները միայն ու միայն Անկարայի ցանկություններն են բավարարելու։

Իշխող ուժում հակառակ կարծիքն ունեն. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է և' Հայաստանին, և' Թուրքիային։

Ավելի վաղ, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանի մի քանի անգամ շեշտել էր, որ իշխող ուժը քաղաքացիներից վստահության մանդատ է ստացել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։

XS
SM
MD
LG