Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինի ընտրական վարկանիշը նոյեմբերին ընկել է մինչև 32 տոկոս. հարցում


«Լևադա» կենտրոնի վերջերս հրապարակած հարցման համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրական վարկանիշը 2021 թվականի նոյեմբերին ընկել է մինչև 32 տոկոս: Սա ամենացածր արդյունքն է 2014 թվականից ի վեր:

Հարցվածները պատասխանել են բաց հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը: 2014-ի ապրիլին այդ ցուցանիշը կազմել էր 49 տոկոս, 2018-ին՝ նախագահական ընտրությունների տարում, աճել էր մինչև 57 տոկոս:

«Լևադա» կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը «Ազատության» «Նաստոյեշեե վրեմյա» ծրագրի եթերում պարզաբանում է, թե Պուտինի ընտրական վարկանիշը շարունակ անկում է արձանագրում, սակայն ակնկալել, որ այն ավելի կնվազի առաջիկա տարիներին, պետք չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ ռուսաստանցիների մի զգալի մասի համար՝ Պուտինին այլընտրանք այսօր էլ չկա:

«Նա այսօր այլընտրանք չունի։ Մարդիկ ասում են՝ «ոչ ոք չկա»։ Եվ հասկանալի է՝ ինչ-որ մեկը բանտում է, ինչ-որ մեկը արտասահմանում է, ինչ-որ մեկը չի հայտնվում դաշնային հեռուստաընկերությունների եթերներում, ուստի այնպիսի տպավորություն է, որ Պուտինի կողքին դատարկ է, չկա մեկը, ով կարող է նրան փոխարինել», - ասել է Վոլկովը։

Փորձագետի խոսքով՝ Պուտինի վարկանիշը կայունացել է, և այն կայունացրել է առաջին հերթին անայլընտրանք չլինելու այդ զգացումը։ Նույնիսկ եթե իրավիճակը սոցիալ տնտեսական առումով շատ վատանա, սպասել առաջիկայում Պուտինի վարկանիշի էլ ավելի կտրուկ անկում պետք չէ: Սրա հետ մեկտեղ, եթե Պուտինը հետևելով Ղրիմի օրինակին, երբ այն Ռուսաստանին միացնելուց հետո արձանագրվեց նրա վարկանիշի կտրուկ աճ, նոր պատերազմ նախաձեռնի, այսօր այդ սցենարը, Վոլկովի խոսքով, չի աշխատի, քանի որ ռուսաստանցիների համար այսօր առավել կարևոր է իրենց սոցիալական վիճակը:

Ի դեպ՝ փորձագետը նաև նկատում է, որ Կրեմլը ուշադրությամբ հետևում է Պուտինի ռեյտինգին և հաճախ հրաժարվում այն նախագծերից, որ առավել շատ են դժգոհություն առաջացնում հասարակությունում։ Օրինակ՝ պատվաստման QR կոդերը Ռուսաստանում այդպես էլ պարտադիր չդարձան: Պետդուման օրերս հանեց քվեարկությունից տրանսպորտում երթևեկելու համար պարտադիր QR կոդերի մասին օրինագիծը։

Վլադիմիր Պուտինը առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000-ին, անկախ Ռուսաստանի առաջին նախագահ, ժողովրդավարության ռուսական սիմվոլ Բորիս Ելցինը հենց Պուտինին էր ընտրել որպես իր ժառանգորդ։ 2008-ին երկու ժամկետ նախագահի պաշտոնում մնալուց հետո, Պուտինը իշխանությունը երկրում դե յուրե հանձնեց իր կրտսեր ընկեր Դմիտի Մեդվեդևին, իսկ 2012-ին վերադարձավ կրեմլ արդեն վեց տարով։

Մեդվեդևը իր նախագահության առաջին տարում նախաձեռնել էր սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում նախագահության ժամկետը ռուսաստանում ավելացել էր երկու տարով և դարձել վեց տարի։

2018-ին Պուտինը չորրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում, իսկ անցած տարի Ռուսաստանում պանդեմիայի պայմաններում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը զրոյացրեց Պուտինի նախագահության ժամկետները։ Այսօր արդեն օրենքի ուժով 69-ամյա Պուտինը ցանկության դեպքում կարող երկու անգամ ևս նախագահ ընտրվել և մնալ Կրելում մինչև 2036 թվականը:

Նախագահական հաջորդ ընտրությունները Ռուսաստանում 2024 թվականին են։

Վերջերս Պուտինը հայտարարել էր. «Ֆոկուսը նրանում է, որ սահմանադրության համաձայն ես վերընտրվելու իրավունք ունեմ: Իսկ կմասնակցեմ ընտրություններին, թե ոչ, ես ինքս դեռ չեմ որոշել։ Սակայն միայն այն, որ Սահմանադրությունն ինձ նման հնարավորություն տալիս է, կայունացնում է իրավիճակը երկրում»:

XS
SM
MD
LG