Մատչելիության հղումներ

Հարցում. Ռուսաստանցիների միայն 35 տոկոսն է վստահում Վլադիմիր Պուտինին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանցիների միայն 35 տոկոսն է այսօր վստահում նախագահ Վլադիմիր Պուտինին, 2019-ի սեպտեմբերի համեմատ նրա վարկանիշը նվազել է 4 տոկոսով: «Լևադա» կենտրոնն այսօր հրապարակել է հունվարին անցկացրած հարցման արդյունքները։

2017-ի նոյեմբերին Ռուսաստանի նախագահի վստահության վարկանիշը 59 տոկոս էր, այսինքն՝ 2 տարվա ընթացքում այն նվազել է 24 տոկոսային կետով՝ գրեթե 2 անգամ: Միևնույն ժամանակ աճել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի (13-ից մինչև 19 տոկոս) և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի (14-ից մինչև 17 տոկոս) վարկանիշները։ «Լևադա» կենտրոնն առաջին անգամ հրապարակել է նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի վարկանիշը. նրան վստահում է հարցվածների միայն 3 տոկոսը, 4-ը չի վստահում: Բայց կարևորն այս թվերի մեջ, իհարկե, Պուտինի վարկանիշի շարունակվող անկումն է։

«Լևադա» կենտրոնը բաց հարց է տալիս վստահության վերաբերյալ, այսինքն` հարցվածներն իրենք են ասում, թե քաղաքական գործիչներից ում են վստահում: Փետրվարի 7-ին նման հարցում էր հրապարակել նաև «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը» (ВЦИОМ): Պուտինի վստահության վարկանիշը, այս հարցման համաձայն, կազմել էր 30,6 տոկոս: 2019 թվականի օգոստոսից ի վեր, երբ Պուտինի վարկանիշը 30.4 տոկոս էր, ВЦИОМ-ը դադարել էր շաբաթը մեկ նման հարցումների հրապարակումը և անցել ամսական ռեժիմին: Փոխարենը ամեն շաբաթ փակ հարցման արդյունքներ սկսեցին հրապարակել, երբ ռուսաստանցիներին հարց են տալիս, թե նշված քաղաքական գործիչներից ում են վստահում: ВЦИОМ-ի նման փակ հարցման վերջին տվյալների համաձայն՝ Պուտինի վարկանիշը 73,1 տոկոս է, այսինքն, երբ ռուսաստանցիներին հարցնում են՝ նշված քաղաքական գործիչներից ո՞ւմ եք վստահում, նրանց մեծ մասը՝ 73,1 տոկոսն ասում է Պուտինին, երբ հարցնում են՝ ո՞ւմ եք վստահում, և չեն ներկայացնում կոնկրետ անուններ, Պուտինի անունը տալիս է հարցված ռուսաստանցիների միայն 30-35 տոկոսը։

«Պուտինի վարկանիշի մակարդակը երկար ժամանակ և կայուն անկում է ապրում, և նրա որոշ ելույթներ, ինչպես, օրինակ, հունվարի 15-ին նրա ուղերձը Դաշնային ժողովին ունեն ժամանակավոր ազդեցություն», - Ведомости-ին ասել է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը՝ հավելելով, թե սա շատ նկատելի անկում է: Սոցիոլոգի կարծիքով՝ այս անկումը նշանակում է, որ ռուսաստանցիները պարզապես հոգնել են Պուտինից: Գուդկովն ասում է նաև, որ ՌԴ նախագահի վարկանիշի անկումը սկսվել է վաղուց, անկումն անցնում է դանդաղ և աստիճանաբար, և սա ավելի բացահայտ միտում է, քան վարկանիշի կտրուկ ցատկերը: Ռուսաստանցիները դժգոհ են տնտեսության վիճակից և նորմալ փող աշխատելու անկարողությունից:

Պուտինը, հիշեցնենք, առաջին անգամ նախագահ է ընտրվել 20 տարի առաջ, 2014-ին լրանում է նրա նախագահության չորրորդ և վերջին ժամկետը, սակայն Մոսկվայում քչերն են հավատում, որ նա ինքնակամ կհեռանա մեծ քաղաքականությունից 2024 թվականից հետո։

XS
SM
MD
LG