Մատչելիության հղումներ

Այսօր Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը


Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ երեկոյան նախատեսված է նրանց եռակողմ հանդիպումը։ Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվելու, հայտնելով այս մասին՝ եվրոպացի դիվանագետն ասել է, որ առաջիկա հանդիպումների նպատակն է օգնել այդ երկու երկրներին ուղիղ երկխոսություն հաստատել և բարելավել հարաբերությունները։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի նրանց միջև բարձրացնենք վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա, որը ստեղծվել է մի քանի շաբաթ առաջ»,- ասել է նա։

Փաշինյանը և Ալիևը Բրյուսելու մասնակցելու են Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին։ Գագաթնաժողովին քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական լարվածությունը։

Եվրոպացի դիվանագետն, իր անունը չհրապարակելու պայմանով, լրագրողներին ասել է, թե ցանկանում են ևս մեկ անգամ հաստատել իրենց համերաշխությունը և աջակցությունը գործընկերներին։

«Մեզ նախկինի պես անհանգստացնում է Ռուսաստանի ապակայունացնող մշտապես շարունակվող քաղաքականությունը ոչ միայն Ուրաինայի, այլև Արևելյան գործընկերության մյուս անդամ երկրների նկատմամբ, և, բնականաբար, մեր եզրափակիչ հռչակագրում ինչ-որ արձագանք կլինի այդ քաղաքականությանը», - ասել է նա։

Ըստ «Ռոյթերզի», գագաթնաժողովի հռչակագիրը կհաստատի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի՝ Եվրամիությանը մոտենալու ձգտումները, բայց անդամակցության խոստումներ չեն տրվի։

Արևելյան գործընկերությունում ընդգրկված են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովում Բելառուսի դրոշը կլինի, սակայն այդ երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռը դատարկ կմնա։

Բրյուսելում Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները հանդիպումներ են ունենալու նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունելու է Իլհամ Ալիևին, հանդիպումից հետո նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։ ՆԱՏՕ-ի կայքում ուսուլիսն ուղիղ հեռարձակվելու է։ Ադրբեջանի նախագահը նաև ներկա է գտնվելու Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին։

Հաջորդ օրը Յենս Ստոլտենբերգը ընդունելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Նրանց հանդիպումից հետո Ստոլտենբերգն ու Ղարիբաշվիլին կարճ հայտարարություններ են անելու մամուլի համար։ Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարների հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նախատեսված հանդիպումների մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG