Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի կազմակերպած Ժողովրդավարության համաժողովն առճակատման բնույթ ունի․ ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Միացյալ Նահանգների կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն «ունի առճակատման բնույթ», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Այդ միջոցառումը, պնդել է Մարիա Զախարովան, «Վաշինգտոնի կողմից միջազգային հարաբերությունների գաղափարախոսության վերափոխման ուղեգծի իրականացման հերթական օղակն է»։

«Հանուն ժողովրդավարության» համաժողովը նախատեսված է դեկտեմբերի 9-10-ը, այն անցկացվելու է առցանց։ Համաժողովին պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի մասնակցելու են քաղաքացիական հասարակության, բարեգործական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հրավիրված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico հանդեսը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

Նախօրեին Կրեմլի խոսնակն էր հայտարարել, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որն, ըստ Դմիտրի Պեսկովի, նոր բաժանարար գծեր ստեղծելու Միացյալ Նահանգների փորձն է։

XS
SM
MD
LG