Մատչելիության հղումներ

Մոսկվայում վաղը կայանալու է «3+3»-ի առաջին հանդիպումը. Վրաստանը չի մասնակցելու


Վաղը Մոսկվայում կայանալու է 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի՝ «3+3» հարթակի առաջին հանդիպումը, որին մասնակից երկրները ներկայանալու են փոխարտգործնախարարների մակարդակով։

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր տեղեկացրեց, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու են այդ երկրի, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։

Անկարան այս հարթակը ներկայացնում է որպես Հարավային Կովկասում մնայուն խաղաղաղության հաստատմանը միտված առաջարկ։ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Խալաֆ Խալաֆովը։

Վրաստանը, որն այսօր հաստատեց, որ չի մասնակցի մոսկովյան նիստին, նախկինում պարզաբանել էր՝ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Հայաստանում փորձագիտական շրջանակներում տարածված տեսակետի ֆոնին, թե Պուտինի ու Էրդողանի կողմից ստեղծվող նոր ձևաչափը նպատակ ունի ամրագրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները, ինչպես նաև դուրս մղել Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը Հարավային Կովկասից, պաշտոնական Երևանը ի սկզբանե չէր շտապում դիրքորոշում հայտնել «3+3»-ի վերաբերյալ։ Սակայն աստիճանաբար հրապարակվեց նաև Հայաստանի դիրքորոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում մանրամասնեց. «Մենք առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակերտը»:

Բայց եթե Երևանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, իսկ Հայաստան-Ադրբեջան խնդիրները` Ռուսաստանի նախաձեռնած եռակողմ հարթակում, տակավին պարզ չէ` նոր ձևաչափում ինչ հարցեր է քննարկելու Հայաստանի ներկայացուցիչը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար, ինչպես նաև տեղեկանալու, թե ով է ներկայացնելու Երևանը մոսկովյան քննարկումներին, «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն։ Պատասխան դեռ չունենք։

«Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև արտաքին գործերի նախարարի տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պիտի քննարկվեն հետագա անելիքները, շարունակությունը ըստ այդ քննարկման արդյունքների», - երեկ խորհրդարանում տեղեկացրել էր վարչապետը:

Գլխավոր նպատակը տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղելն է. փորձագետ

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով` փաստացի «3+2» ձևաչափի նախաձեռնողները՝ Ռուսաստանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ գլխավոր նպատակը տարածաշրջանից Արևմուտքին դուրս մղելն է, ինչը կարող է նվազեցնել Հայաստանի առանց այդ էլ սեղմ հնարավարությունները՝ մանևրելու արտաքին քաղաքականության մեջ։

«Հայկական կողմը հայտարարել է բազմիցս, որ որևէ այլ հարթակում քննարկվող հարցերն իր համար ընդունելի չի լինի այս հարցում քննարկել, բայց կապրենք, կտեսնենք` ինչքանով է այդ հայտարարությունը ներդաշնակ իրական գործընթացների հետ: Իմ կարծիքով` մեր իշխանության մեջ ի սկզբանե կար պատկերացում, որ այս հարթակը չի ելնում Հայաստանի պետական շահերից, բայց նաև կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի կողմից համապատասխան աշխատանք է եղել Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանն ի վերջո համաձայնի այս հարթակի աշխատանքներում ներգրավվելու», - նշեց Քոչինյանը:

Փորձագետի գնահատմամբ` որքան կայանա ռուս-թուրքական նախաձեռնած նոր ձևաչափը, և տարածաշրջանը «փակվի», այնքան հարավկովկասյան երկրների համար կարող են դժվար հասանելի դառնալ արևմտյան տերությունների, կառույցների, անգամ Չինաստանի ու Հնդկաստանի առաջարկած հնարավորությունները՝ դիվանագիտությունից մինչև տնտեսություն։

XS
SM
MD
LG