Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձը առարկա չէ այն կոնվենցիայի, որի հիման վրա այս դատական գործը քննվում է. միջազգային իրավունքի մասնագետ


Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան

Արա Ղազարյանի խոսքով, գերիների վերադարձը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» առարկա չէ։

Թեև Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի դատարանում միջնորդել էր պահանջել Ադրբեջանից հայրենադարձել հայ գերիներին, սակայն միջազգային դատարանը երեկ կայացրած միջանկյալ որոշմամբ նման պահանջ չներկայացրեց Ադրբեջանին։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ գերիների վերադարձը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» առարկա չէ։ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը» ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանը քննում է հենց այս կոնվենցիայի շրջանակում։

«Գերիների վերադարձը դա մարդասիրական իրավունքի, հումանիտար իրավունքի հարց է։ Դա դատարանի իսկապես իրավազորությունից դուրս է։ Այն կոնվենցիան, որի հիման վրա այս դատական գործը քննվում է, գերիների վերադարձը այդ կոնվենցիայի առարկա չէ», - ասաց Ղազարյանը։

Ադրբեջանին գերիների վերադարձի պահանջ չներկայացնելու որոշումը դատարանն այսպես բացատրեց՝ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք շարունակում են պահվել Ադրբեջանում իրենց ազգության կամ ռասայական ծագման հիմքով։

Այդ դեպքում ինչո՞ւ էր հայկական կողմը նման պահանջ ներկայացրել. Ղազարյանն ասում է. - «Դա դատավարական ռազմավարություն է. մի քիչ պիտի շատ ուզեք, որ կեսը ստանաք։ Այո, Հայաստանը էդ պահանջը բերել է, բայց դա չի նշանակում, որ միանգամայն վստահ էր Հայաստանը, որ այդ պահանջը բավարարվելու է»։

Երեկ Հաագայի դատարանը և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստանից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը։ Երկու որոշումներում էլ դատարանը նաև պարտադրեց կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քննվող վեճի սրմանը կամ երկարաձգմանը:

Հայաստանի ներկայացրած հայցի դեպքում դատարանը Բաքվից պահանջեց բռնությունից պաշտպանել այն անձանց, որոնք 2020 թվականի պատերազմով պայմանավորված պահվում են ադրբեջանական բանտերում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի գործողությունները:

Գրիգոր Չոբանյան
Գրիգոր Չոբանյան

ՄԱԿ-ի դատարանը իր որոշման մեջ չի կիրառում ռազմագերի բառը։ Միջազգային իրավունքի մասնագետ Գրիգոր Չոբանյանի կարծիքով, պատճառներից մեկը գուցե այն է, որ ռազմագերներին վերաբերող պահանջն ամբողջապես չի տեղավորվում ռասայական խտրականությունը սահմանող կոնվենցիայի մեջ. «Ռազմական բառը չի կիրառում, գերեվարված անձինք է կիրառում։ Գուցե նաև դատարանը, հաշվի առնելով, որ հրատապ միջոցների կիրառման հարցի մասին ա խոսքը գնում, անհրաժեշտ չի համարել ավելի խորանալ հարցի շուրջ՝ պարզելու գերեվարված անձանց կարգավիճակը, արդյո՞ք կարելի է իրանց ռազմագերի համարել և այլն, ու միայն ընդհանուր որոշում է կայացրել, որ գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությունը պիտի ապահովվի»։

Հաագայի դատարանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող մարդիկ չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով, նրանք պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։

Ըստ Արա Ղազարյանի, դա նշանակում է, որ դատարանը նրանց առնչությամբ մտավախություն ունի ոչ թե նրանց ռազմագերի, այլ հայ լինելու համար, ինչը հենց քննարկվող կոնվենցիայի տիրույթում է. - «Նա որոշեց՝ ապահովել գերիների պաշտպանությունը։ Դա նշանակում է ունի մտավախություն, որ եթե այնտեղ բռնություն կիրառվի գերիների նկատմամբ, դա կարվի զուտ նրանց հայ լինելու, այլ ոչ թե ռազմագերի լինելու համար»։

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ողջունել են Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը։ Հայաստանի արտգործնախարարությունը որոշումից հետո ղարաբաղյան հակամարտության միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել միջազգային դատարանի վճռին և կոչ արել շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:

Հաագայում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանն էլ նշել է, թե Հայաստանը սպասում է որոշման գործնական իրականացմանը Ադրբեջանի կողմից։

Միջազգային իրավունքի մասնագետների խոսքով, կողմերը պետք է պահպանեն որոշումների դրույթները, խախտումներն էլ ներկայացնեն Հաագա, որտեղ դրանք հաշվի կառնեն ընթացիկ քննության ժամանակ։

XS
SM
MD
LG