Մատչելիության հղումներ

ՀՀ-ում վստահ են` ներկայացրել են բոլորը հիմքերը Հաագայի դատարան` հրատապ միջոց կիրառելու համար, դրական արդյունք են ակնկալում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին կհայտնի իր որոշման մասին՝ կբավարարի, թե ոչ Հայաստանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումը, որով հայկական կողմը պահանջում է անհապաղ ազատ արձակել գերիներին, փակել Բաքվի «Ռազմավարի պուրակը», չավիրել հայկական հուշարձանները և այլն։

Երևանում կանխատեսումներից խուսափում են, սակայն նաև կարծում են՝ ներկայացրել են բոլորը հիմքերը հրատապ միջոցի կիրառումը ապահովելու համար։

«Ակնկալում ենք դրական արդյունք ամեն դեպքում: Իրականում արդյունք արդեն իսկ կարող եք տեսնել: Որքան գիտեք, նաև «Ռազմավարի պուրակից» հեռացվել էին հայ զինվորների մանեկենները և սաղավարտները: Բնականաբար, մեր պահանջը շատ ավելի մեծ է, պահանջը եղել է «Ռազմավարի պուրակի» ամբողջությամբ փակումը և դրա գործունեության կասեցումը: Սպասենք, տեսնենք` դեկտեմբերի 7-ին ինչ կլինի այդ մասով, ինչպես նաև մյուս հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ մնացած հատվածի մասով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանը։

Հաագայի դատարանը կարող է ամբողջությամբ հաստատել, մերժել, մասնակի հաստատել կամ անգամ իր կողմից պահանջներ ներկայացնել Ադբեջանին, հայտնում է Խանազադյանը. «Ամփոփենք, վերջնական կետով էլ, բնական է, որ Հայաստանի Հանրախետությունը խնդրել է, որպես պրակտիկա նման պահանջ ևս ներկայացվում է, հաշվետվություն ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշման վերաբերյալ, այսինքն` որոշումը եթե բավարարվեց, ուրեմն հաշվետվություն պետք է ադրբեջանական կողմը ներկայացնի եռամսյա ժամկետում, իսկ այնուհետև յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կատարված գործողությունների վերաբերյալ»:

Եթե դատարանը բավարարի Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանը որոշի չկատարել դատարանի պահանջները, ապա նախատեսված են այլ ընթացակարգեր, ասում է ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչը. «ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա դիմում են Անվտանգության խորհուրդ որոշման կատարմանն ուղղված քայլերի ձեռնարկելու համար»:

Իսկ եթե Հայաստանի դիմումի բավարարման պաարգայում Ադրբեջանը կատարի պահանջները, ապա պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ազատ արձակի գերիներին, իրականացնի մյուս քայլերը։

Իր հերթին Ադրբեջանը ևս դիմել է Հաագայի դատարան և որպես հրատապ միջոց` պահանջել է անհապաղ Բաքվին հանձնել Արցախի վերահսկողությունից դուրս հայտնված տարածքների ականապատման քարտեզները։

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի դրույթների խախտման մեջ։

«Չենք ուզում գնահատել իրենց ներկայացրած հիմնական պահանջները: Կարծում ենք, զուտ մասնագիտական տեսանկյունից համարում ենք, որ դա կոնվենցիոն կարգավորման առարկայից որոշակի չափով դուրս է, բայց դա կթողնենք արդեն դատարանի որոշմանը», - նկատեց Քրիստինե Խանազադյանը:

Բավական բարձր է հավանականությունը, որ միջազգային դատարանը կբավարարի Հայաստանի դիմումը, կարծում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։ Իսկ դատարանի որոշումները, նրա խոսքով, հիմնականում կատարվում են, և քիչ են հակառակ դեպքերը. «Ի տարբերություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` այս դեպքում կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հարկադրանքի հնարավորություն տեսական, այնպես որ համեմատաբար բարձր է հավանականությունը, որ կկատարվի, վերապահումներով, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ` պիտի որ կատարվի»:

Եթե ընդամենը մեկ շաբաթից պարզ կլինի` կկիրառվի, թե ոչ հրատապ միջոցը, ապա բուն դատավարությունը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի կարող է շարունակվել երկար տարիներ։ Այժմ նույն դատարանը դեռ քննում է Ուկրաինայի՝ 2017 թվականին ներկայացրած հայցն ընդդեմ Ռուսաստանի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG